ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Հարգելի՛ քաղաքացիներ, ձմեռային պահպանման ժամանակաշրջանը մեկնարկում է նոյեմբերի 15-ից և շարունակվում է մինչև մարտի 31-ը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն այդ ժամանակահատվածում սկսում է 24-ժամյա ձմեռային հերթապահություն: Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները հնարավոր է մաքրել, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով, ավազով մշակման աշխատանքները։ Երկարատև ձյան տեղումների ժամանակահատվածում գործընթացը կատարվում է պարբերաբար։
 
Երբ ջերմաստիճանը նվազում է -7 С°-ից, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը և աղ-ավազային խառնուրդն ավելի ուշ է ներգործում։ -7 С° և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում օտագործվում է ավազ և խարամ, որի տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկույթին։
 
Հետևելով եղանակային կանխատեսումներին՝ հնարավոր է որոշակիորեն կանխարգելել ճանապարհի սառցակալումը, սակայն հնարավոր չէ որոշել տեղումների քանակը։ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել, քանի-որ ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներից հետո ժամանակ է հարկավոր, որպեսզի ձյան շերտը, անիվների հետ շփվելով, աշխատի և սկսի հալվել։
 
Բքի ժամանակ ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներն արդյունավետ չեն, քանի որ մաքրված ճանապարհն անընդհատ ծածկվում է ձյան բերվածքներով, իսկ աղ-ավազի խառնուրդն անհետանում է քամու հոսանքի հետ։ Բացի դրանից՝ բքի ժամանակ տեսանելիությունը գրեթե հավասարվում է 0-ի։
 
Հորդորում ենք վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկման կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքներին և հետևել բոլոր հրահանգներին։ Այդպիսով ավելի արագ և դյուրին կիրականացվեն ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքները։
 
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 010 56-25-33 հեռախոսահամարին, ինչպես նաև հետևելով Ճանապարհային դեպարտամենտի պաշտոնական կայքին (https://armroad.am/am) կամ ֆեյսբուքյան սոցիալական էջին։

  • Կիսվել: