երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Եղանակային պայմաններից ելնելով՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության

Եղանակային պայմաններից ելնելով՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության

Հաշվի առնելով եղանակային գործոնները՝ հատկապես ձյան տեղումները, մառախուղը և մերկասառույցը, որոնք ավտոճանապարհները հաճախ դարձնում են դժվարանցանելի, վտանգավոր և պատճառ հանդիսանում տրանսպորտային միջոցների արգելափակման, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։

Ավտոմեքենաների արգելափակումները, հատկապես միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին, ամենատարածված խնդիրներից են, որոնք հաճախ խոչընդոտում են բնականոն երթևեկությանը և առաջացնում լրացուցիչ խնդիրներ: Բնակչության անվտանգություն ապահովելու և տեղումներով պայմանավորված արտակարգ դեպքերին արագ արձագանքելու նպատակով հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից պարբերաբար իրականացվում են շրջայցեր, սահմանվում է հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում ծավալվում հենակետեր։

Փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են քաղաքացիների կողմից ստացված բազմաթիվ ահազանգերին. փետրվարի 6-ին հանրապետության ավտոճանապարհների խնդրահարույց հատվածներում արձանագրվել է արգելափակման կամ խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների 8 դեպք։

Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 78 տրանսպորտային միջոց, 204 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: