հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Դժբախտության ինդեքս․ Հայաստանը 178 երկրների շարքում 52-րդն է

Դժբախտության ինդեքս․ Հայաստանը 178 երկրների շարքում 52-րդն է

2025 թվականին Հայաստանի տնտեսությունն աճել է 7,2 տոկոսով, սակայն այդ աճի ազդեցությունը մարդկանց բարեկեցության վրա շարունակում է կարևոր հարց մնալ։ Վարկերի բարձր տոկոսադրույքները ծանրացնում են ընտանիքների ֆինանսական բեռը, մեծացնում ձեռնարկությունների ծախսերը և խոչընդոտում նոր ներդրումներին ու աշխատատեղերի ստեղծմանը։

Արդյունքում տնտեսական առաջընթացի հնարավորություններից հասարակության զգալի մասը դժվարությամբ է օգտվում։ Երկրի տնտեսական հաջողությունը գնահատելու համար կարևոր է հասկանալ՝ որքանով է աճը նպաստում նոր աշխատատեղերի ստեղծմանը, եկամուտների բարձրացմանը և մարդկանց կյանքի բարելավմանը։

 

Visual Capitalist-ի հրապարակած՝ տնտեսագետ Սթիվ Հանկեի 2025 թվականի «դժբախտության ինդեքսում» Հայաստանը 178 տնտեսությունների շարքում զբաղեցնում է 52-րդ տեղը՝ 32,8 միավորով։ Վրաստանը 34-րդն է՝ 40 միավորով, Ադրբեջանը՝ 58-րդը՝ 30 միավորով։ Վարկանիշի առաջին հորիզոնականներում Վենեսուելան, Սուդանը, Թուրքիան և Իրանն են։ Ցուցանիշը հաշվարկվում է գնաճի, գործազրկության, վարկերի տոկոսադրույքների և մեկ շնչի հաշվով իրական տնտեսական աճի հիման վրա։ Այն ցույց է տալիս տնտեսական դժվարությունների մի մասը և հնարավորություն տալիս գնահատելու դրանց ծանրությունը տարբեր երկրներում։

Այս հաշվարկի ամենաուշագրավ բացահայտումը վերաբերում է վարկավորման արժեքին։ Ուսումնասիրված 178 տնտեսություններից 105-ում ամենամեծ խնդիրը վարկերի բարձր տոկոսադրույքներն են։ Հայաստանը նույնպես այդ երկրների շարքում է։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանում բանկային վարկերի տոկոսադրույքը կազմել է մոտ 13,8 տոկոս։ Արժույթի միջազգային հիմնադրամը մատնանշել է նաև բարձր գրավային պահանջները։ Նման պայմաններում արտադրություն հիմնելը, սարքավորումներ ձեռք բերելը և նոր աշխատատեղեր ստեղծելը պահանջում են զգալի ֆինանսական միջոցներ։ Թանկ կապիտալը ծանրանում է նաև ապրանքների ինքնարժեքի և մարդկանց առօրյա ծախսերի վրա։

Ուսանելի է Թայվանի օրինակը։ Չինաստանի մշտական ռազմական ճնշման պայմաններում կղզին նույն վարկանիշում զբաղեցնում է վերջին՝ 178-րդ տեղը՝ ընդամենը 2,1 միավորով։ Տեխնոլոգիական արդյունաբերությունը, կիսահաղորդիչների արտադրությունը և համաշխարհային շուկաներում ամուր դիրքերը տնտեսական զարգացման հզոր հիմք են ստեղծել։ Թայվանի օրինակը ցույց է տալիս գիտելիքի, արտադրության և միջազգային տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունը նույնիսկ աշխարհաքաղաքական ծանր պայմաններում։

Հայաստանի տնտեսական քաղաքականության գլխավոր մարտահրավերը աճի որակն է։ Վարկերի տոկոսադրույքների կայուն նվազման համար անհրաժեշտ են ցածր գնաճ, մրցունակ ֆինանսական համակարգ, ներդրողների վստահություն և տնտեսական ռիսկերի կրճատում։ Արտադրության ընդլայնումն ու արտահանման աճը պետք է դառնան այդ քաղաքականության առաջնահերթությունները։

Հայաստանը կարող է մեծացնել իր աշխարհաքաղաքական նշանակությունը և դառնալ տարածաշրջանային առևտրի կարևոր հանգույց։ Սակայն այդ հնարավորության իրական արժեքը կորոշվի երկրի ներսում՝ նոր ձեռնարկությունների, բարձր վարձատրվող աշխատատեղերի և մարդկանց բարեկեցության աճով։ Տնտեսական հաջողության ամենավստահելի չափանիշը քաղաքացու կյանքի բարելավումն է։

  • Կիսվել: