չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ձեզ սպասում է հադրութեցու ճակատագիրը․ Լևոն Հայրյան

Ձեզ սպասում է հադրութեցու ճակատագիրը․ Լևոն Հայրյան

Մենք արդեն մոտենում են անելանելի վիճակին, դրա համար կոչ ենք անում ժողովրդին դուրս գալ եւ պաշտպանել իր շահերը, քանի որ մեր շահերը ոչ մեկը չի պաշտպանի, բացի մեզանից:

Այս մասին, այսօր կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով Արցախի եւ ընդհանրապես ամբողջ հայ աշխարհի օրհասական վիճակը, որոշել էին կոչով դիմել մեր հասարակությանը, այս անգամ ոչ միայն Հադրութից, Քարվաճառից, Քաշաթաղից եւ մնացած շրջաններից տեղահանվածներին, այլ ամբողջ հայությանը, որ դուրս գան իրենց շահերը պաշտպանելու։

«Դանակը ոսկորին է հասել, բայց ժողովուրդը որևէ քայլ չի անում իր վիճակը փոխելու համար: Հստակ քայլն այն է, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որովհետեւ չեն սպասարկում հայության շահը: Մեր իշխանությունը պայմանագիր կնքեց թշնամու հետ նոյեմբերի 9-ին, որպեսզի իբր կանգնեցնեն նրանց հետագա առաջխաղացումը: Ի՞նչ իմաստ ու ուժ ունի այդ պայմանագիրը, տեսնում ենք բոլորս, ամեն օր մի քիչ ավելի առաջ են գալիս: 2020-ից կսած Ալիեւն ինչ ասում է, անում է, նշանակում է հասնելու է հաջորդ քայլին: Հաջորդ քայլը Հայաստանի հարավի օտարումն է, ճանապարհների տրամադրումը Ադրբեջանին: Փաշինյանն իր բերանով հայտարարում է, որ այդ ճանապարհները սպասարկելու են ոչ հայերը, այլ որեւէ երրորդ երկրի, կոնկրետ ՌԴ-ն»,-ասաց Հայրյանը:

«Այս իշխանության հաջորդ հայտարարությունը լինելու է այն, որ մենք չենք կարող անկախ Հայաստանի շահերը պաշտպանել, մենք այդ շքեղությունը չունենք, որ անկախ պետություն պահենք, ու պետք է մտնենք ուրիշ պետության կազմ: Ու քանի որ Թուրքիան խնդրահարույց է, մեր ոխերիմ բարեկամ Ռուսաստանն  էլ հեռու է այս պահին ու թույլ, լավ կլինի մտնենք Ադրբեջանի կազմ, քանի որ Ալիեւը այդպես է ուզում: ՔՊ-ի հաջորդ հայտարարությունը սա է լինելու»:

Նա նշեց, որ այսօր իրենց ակցիան ոչ թե կառավարությանն է ուղղված, այլ հայ մարդուն, որպեսզի արձագանքեն երկրի կործանմանը, չնստեն տանը, փողի մասին չտածեն, քանի որ երկիրը կործանվում է։

«Նայեք հադրուցեցու վիճակը, պատկերացրեք ձեր վիճակը: Հադրութեցին տուն չունի, տեղ չունի, պաշտպան չունի, հայրենիք չունի, ընկած է այստեղ փողոցներում։ Դուք էլ եք նույնը վիճակում հայտնվելու։ Սա է մեր ակցիայի իմաստը: Այն խաղաղության պայմանագիրը, որ կառավարությունը հայտարարում է, դա ոչ թե խաղաղության պայմանագիր է ապրելու համար, այլ ասում է՝ ժողովուրդ ջան, եթե պետք է սպանվենք, եկեք խաղաղ սպանվենք, ինչի՞ կռվով սպանվենք: Հայտարարում են՝ դուք պետք է կոտորվեք, ազգը չի պատասխանում:

Ձեզ  սպասում  է հադրութեցու ճակատագիրը՝ ինչ-որ մի երկրում անտուն թափառել, քանի որ չենք ուզում մեր պետությունը պահենք, իշխանությունները պետությունը ծախում ենք, մենք սուս ու փուս նայում ենք»- ասաց Լ.Հայրյանը։

  • Կիսվել: