երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Դուստրը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն են արել

Դուստրը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն են արել

Դեկտեմբերի 22-ին, Shamshyan.com է զանգահարել Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանը, ով իր դժգոհությունը և վրդովմունքը հայտնեց իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարության վերաբերյալ:

Կինը կայքին հայտնել է. «Հայրիկիս 2004 թվականի դեկտեմբերի 9-ին հուղարկավորեցինք «Սպանդարյան» գերեզմանատանը օրենքով ու փաստաթղթերով տրամադրված 3-ը 4-ի վրա հողակտորում։ Այնպես ստացվեց, որ գերեզմանատեղիում բետանոպատում և շինարարություն չարեցինք, բայց անունը գրված էր, թումբը միշտ թարմացնում էինք և ակնհայտ երևում էր, որ այդտես մարդ կա հուղարկավորված։ Հաճախակի գնում էինք հայրիկիս գերեզմանին այցի, խունկ ծխում, հարգում։

Վերջին անգամ մի քանի օր առաջ գնացինք ու տեսա, որ հայրիկիս հատկացված հողակտորի ուղիղ կեսը բետոնապատվել, սալապատվել և խճաքարով ծածկվել է, իսկ հողաթումբը՝ չկա։ Դիմեցի պատասխանատուներին, իսկ նրանք ասացին, որ իրենք չգիտեն, տեղյակ չեն՝ ով է դա արել, ով է հայրիկիս անուն ազգանունով մետաղյա ցուցանակը հանել։

Ինձնից սկսեցին պահանջել փաստաթուղթ, որ հուղարկավորվածը իմ հայրիկն է։ Իհարկե ես անգամ ստիպված եղա իմ ծննդյան վկայականը, հայրիկիս մահվան վկայականը բերել: Դրանից հետո բերեցին հայրիկի անուն-ազգանունով նոր ցուցանակ դրեցին։

Ես նորից դիմեցի պատասխանատուներին, ինձ ասացին, որ ում ուզում եմ բողոքեմ, իրենք ասելու բան չունեն ու չգիտեն՝ ով է այդտեղ շինարարություն արել։ Ես անգամ չգիտեմ՝ այդտեղ միգուցե հուղարկավորություն են արել։

Խնդրում եմ պատասխանատու կառույցներին, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ՀՈԱԿ-ի ղեկավար կազմին ինձ բացատրեն, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են ապօրինի տիրացել այդ հողակտորին և ով է այդ գործարքի հեղինակն ու պատասխանատուն»։

  • Կիսվել: