հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դուք եք լինելու նոր հաղթանակների կերտողը. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգի» առթիվ

Դուք եք լինելու նոր հաղթանակների կերտողը. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգի» առթիվ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վերջին զանգի» առթիվ:

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Դպրոցական կյանքի վերջին զանգն ազդարարում է նորի սկիզբը: Այսօրվանից ձեզ համար սկսվում է ավելի հասուն կյանքի ճանապարհը, որը ձեզնից յուրաքանչյուրին կտանի տարբեր ուղղություններով՝ ոմանց դեպի նոր ուսումնառություն, ոմանց՝ արդեն իսկ դեպի աշխատավայր, ոմանց՝ մշակույթի աշխարհ, ոմանց՝ զինվորական ծառայության:

Մի՛ վարանեք ունենալ ամենատարբեր երազանքներ, և թող այսօր սկիզբ դրվի ձեր այդ նոր երազանքների իրականացմանը: Ինչ ճանապարհ էլ, ինչ մասնագիտություն էլ որ ընտրեք, ինչ դժվարությունների էլ որ հանդիպեք, պետք է սիրել Հայրենիքը և նվիրվել նրան: Սիրել ամբողջ սրտով և հոգով, սիրել անվարան և անմնացորդ: Վստահ եմ, որ ձեր ծնողներն ու ուսուցիչները նույնպես առաջին հերթին հենց ա՛յդ դասն են սովորեցրել ձեզ:

Մենք պետք է առաջ նայենք, առաջ շարժվենք ձեզ հետ միասին: Չպետք է ընկրկել փորձությունների և դժվարությունների առաջ, որքան էլ որ դրանք անհաղթահարելի թվան:

Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք, և անհաղթ ենք, երբ հավատում ենք մեր հաղթանակին:

Ձեր շատ տարեկիցներ և ավագներ իրենց գործով ու սխրանքներով վերջին պատերազմում մեկ անգամ ևս ապացուցեցին դա, շատերը՝ իրենց կյանքի գնով: Հավերժ փառք նրանց բոլորին:

Դուք եք լինելու նոր հաղթանակների կերտողը: Ուժ և կարողություն ձեզ, մտքի թռիչք և արարման ամուր կամք:

Մաղթում եմ, որ ձեր կյանքի ճանապարհը լինի լուսավոր ու պայծառ, խաղաղ ու անվտանգ, որ յուրաքանչյուրիդ մեջ երբեք չպակասի սերը՝ սեր առ գիտելիք ու աշխատանք, սեր Հայրենիքի, ազգի, ընտանիքի և միմյանց հանդեպ»,- ասված է ուղերձում:  

  • Կիսվել: