Դրանք ղեկավար չեն, չենք թողնի, որ գան ու Եռաբլուրում մեր երեխաների շիրիմները պղծեն․ զոհվածի հայր
Մենք առաջին հերթին այստեղ ենք, որպեսզի ոչ մի սրբապիղծ չգա ու մեր երեխաների շիրիմները չպղծի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը՝ Աշոտ Զաքարյանը, որը մյուս ծնողների հետ գնացել է Եռաբլուր զինվորական պանթեոն, որպեսզի թույլ չտա վարչապետին ու մյուս պաշտոնյաներին Անկախության տոնի առթիվ գնալ Եռաբլուր։
Նա նշեց, որ քանի դեռ Հայաստանը ղեկավարում են այս իշխանությունները, դեռ շատ զոհեր կլինեն։ «Մի քանի օր առաջ լսեցի Գլխավոր շտաբի պետի հայտարարությունն ու շատ զարմացա։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ է ասում։ Ասում է՝ երեք կողմից իրենց շրջափակել ենք ու սպասում ենք, որ իրենց պաշարները վերջանան ու թողնեն գնան ․․․ Ու էդ սրբապիղծը պիտի գա այստեղ Եռաբլո՞ւր։ Չի գան, չեմ թողնի, չենք թողնելու, որ մոտենան մեր երեխեքի շիրիմները պղծեն»,– ասաց նա։
Աշոտ Զաքարյանը նշեց, որ համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են ադրբեջանցիները հայ կանանց մասնատել, իսկ հայկական կողմը շրջափակման մեջ հայտնված ադրբեջանցիներին թողնում է, որ հանգիստ գնան։ «Սրանք ղեկավարներ չեն, կներեք։ Մենք առաջին հերթին այստեղ ենք, որ նրանք չգան ու չպղծեն մեր երեխեքի շիրիմները»,– ասաց նա։
Մեկ այլ զոհված զինծառայողի հայրն իր հերթին ասաց, որ Եռաբլուր են եկել, որպեսզի իրենց երեխաների հետ տոնեն Անկախության տոնը, նաև վարչապետին թույլ չտան այցելել Եռաբլուր։
«Մենք ավելի շատ այստեղ հավաքվել ենք նրա համար, որ էս սատանան չգա այստեղ, մեր երեխաների շիրիմները չպղծի։ Մենք այնքան ենք մնալու այստեղ, մինչև ինքը գա ու չկարողանա հասնի մեր երեխաների մոտ»,– ասաց նա՝ հավելելով, որ շարունակ պայքարելու են և իրենց երեխաների վրեժը լուծելու են վարչապետից։
Զոհված զինծառայողներից մեկի մայրն էլ ասաց, որ չի հասկանում, թե երկրի ղեկավարությունն ինչու է այցելում Եռաբլուր։ «Ուզում եմ հասկանալ, թե որպես ինչ է գալիս այստեղ։ Մեր քաղաքական վերնախավ կոչվածը որպես ինչ է ուզում գա այստեղ։ Գալիս է, որ տեսնի այն, ինչ արե՞լ է, որ ուրախանա՞։ Օր օրի Եռաբլուրն աճում է։ Օրական տասից ավելի հուղարկավորություն է լինում ․․․ Ոչ պիտի չգան, նրանցից ոչ մեկն իրավունք չունի ոտք դնել այստեղ»,- ասաց նա։


