հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դպրոցներում դասապրոցեսը վերսկսվել է կանխարգելիչ միջոցառումների ուղեկցությամբ

Դպրոցներում դասապրոցեսը վերսկսվել է կանխարգելիչ միջոցառումների ուղեկցությամբ

Սուր շնչառական վարակների տարածմամբ պայմանավորված՝ դպրոցներում դասապրոցեսը վերսկսվել է կանխարգելիչ միջոցառումների ուղեկցությամբ: Այդ ուղղությամբ աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար գործող 1400 դպրոց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացել է համապատասխան հանձնարարական:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ կանխարգելիչ միջոցառումների կարևոր պայման է դպրոց մուտք գործողների ջերմաչափումն ապահովելը:

«Արձակուրդները 3-12-րդ դասարանցիների համար ավարտվել են: Ուսումնական գործընթացը սկսվել է: Դպրոցներին ու մանկապարտեզներին ուղարկվել է շրջաբերական, որի համաձայն, դասերը սկսվելուց առաջ պետք է իրականացնեն ջերմաչափում, բարձր ջերմության կամ սուր շնչառական վարակների ախտանշանների դեպքում աշակերտներին ուղարկել տուն»,-ասաց Արսեն Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ բաց թողնված դասերը կլրացվեն, իսկ եթե բացակայությունը երկարաժամկետ է, ապա դասերը կկազմակերպվեն հեռավար:

 

Նախարարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ ջեռուցման հետ կապված խնդիր որևէ դպրոց առայժմ չի բարձրաձայնել: Եթե մինչև ջեռուցման շրջանի մեկնարկը խնդիրներ եղել են, ապա դրանք շատ արագ լուծվել են: Ինչ վերաբերում է դպրոցներում համապատասխան սարքավորումների առկայությանը, կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, ապա Արսեն Բաղդասարյանը նշեց, որ քովիդի համաճարակի պայմաններում ունեցած փորձից ելնելով՝ դպրոցի յուրաքանչյուր աշխատակից գիտի իր անելիքը:

  • Կիսվել: