շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Դպրոցական սնունդ» ծրագրի հաջորդ փուլի իրականացման շրջանակում պատվիրակությունն այցելել է ՀՀ Տավուշի, Լոռու և մի շարք այլ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ, ուսումնասիրել ենթակառուցվածքներն ու ծրագրի ընթացքը:

Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին և կարևորել Պարենի համաշխարհային ծրագրի դերը ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում դպրոցական սննդի ծրագրի ներդրման և արդյունավետ իրականացման գործում։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել մայրաքաղաք Երևանի դպրոցները ևս «Դպրոցական սնունդ» ծրագրում ներառելու հարցին։ Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև ՊՀԾ համագործակցությամբ Երևանի որոշ դպրոցներում նախատեսվող փորձնական նոր ծրագրի մեկնարկին առնչվող կազմակերպական հարցեր։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Երևանի դպրոցներում «Դպրոցական սնունդ» փորձնական ծրագրի մեկնարկը։ Նրա խոսքով՝ գործընթացը բավական մարտահրավերային է, սակայն, ՀՀ կառավարության և գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցության փորձառությունը վստահություն է ներշնչում, որ ծրագրի այս փուլի իրականացումը նույնպես հաջող ընթացք կունենա:

Պատվիրակության ներկայացուցիչները ընդգծել են, որ ՀՀ մարզերում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման Հայաստանի օրինակը հաջողված է և ընդօրինակելի այլ երկրների համար։

«Դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետության համատեքստում կարևորվել է նաև սննդի կազմակերպման համար բավարար պայմանների առկայությունը։ Անդրադառնալով ենթակառուցվածքներին՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ ՀՀ կառավարության՝ 300 դպրոցների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագրում ընդգրկված բոլոր հաստատություններն ապահովված են ժամանակակից պայմաններով, այդ թվում նաև տեխնիկապես հագեցված խոհանոցային հատվածով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի ընթացքին վերաբերող այլ հարցեր, որոնք վերաբերել են տեղական առողջ սննդի, այդ թվում նաև գյուղական դպրոցներում ագրոկրթության շրջանակում ստեղծվող բնամթերքների օգտագործման խրախուսմանը:

  • Կիսվել: