երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
DigiTec-2022-ը տեղափոխվել է 2023 թվականի գարուն

DigiTec-2022-ը տեղափոխվել է 2023 թվականի գարուն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտնում է, որ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով և առաջնահերթ խնդիրների շուրջ գործունություն ծավալելու հրամայականով` որոշում է կայացվել DigiTec-2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը տեղափոխել 2023 թվականի գարուն։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է համայնքի ջանքերը կենտրոնացնել այլ առաջնահերթ խնդիրների շուրջ, և որ միջոցառման կազմակերպման արդյունավետության տեսնակյունից՝ թե՛ կազմակերպությունների, թե՛ հյուրերի մասնակցության առումով, նպատակահարմար է, որ այն տեղափոխվի գալիք տարի։

Գործադիր տնօրենի խոսքով՝ դա ոչ մի կերպ չի խափանի միջոցառման բարեհաջող իրականացումը, ընդհակառակը՝ կնպաստի միջոցառման առավել արդյունավետ կազմակերպմանը։

«Ցանկանում ենք նաև տեղեկացնել մեր համայնքին, որ հետաձգումը չի ենթադրում հաջորդ տարվա միջոցառման չեղարկում։ Մենք պլանավորել և նախատեսում ենք գալիք տարվա աշնանը բնականոն կերպով իրականացնել նաև DigiTec-2023 միջոցառումը։ Մեր ցանկությունն է Հայաստանում ԲՏ ոլորտի ընկերությունների և աշխատակիցների առավելագույն մասնակցությունը երկրի համար կարևոր նշանակություն ունեցող գործընթացներում, ինչպես նաև կազմակերպությունների կայունությունը և զարգացումը, որպեսզի մեր առջև դրված մարտահրավերները կարողանանք հաղթահարել»,- հավելել է Հայկ Չոբանյանը։ 

DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսն ԱՏՁՄ-ն կազմակերպում է 2005 թվականից ի վեր:

Յուրաքանչյուր տարի այնտեղ ցուցադրվում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման ներուժը: DigiTec 2022 ցուցահանդեսում այս տարի ներգրավված են 125 տեղական և արտասահմանյան ընկերություններ։

2021 թվականից ի վեր ցուցահանդեսին զուգահեռ տեղի է ունենում DigiTec Summit, որը Երևանում է համախմբում բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներին։ Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն։

Հովանավորներ՝ Fastex, Sada, Team Telecom Armenia, AMD, Giz EU4Business, Sensyan LLC։ Գործընկերներ` VEXPO, HackTech, P-Art, InfoCom, Lratvakan radio 106.5, RTVI։

  • Կիսվել: