չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Դեկտեմբերից մեկնարկել է Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների ծրագիրը. ԱՆ մանրամասները

Դեկտեմբերից մեկնարկել է Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների ծրագիրը. ԱՆ մանրամասները

Դեկտեմբերից մեկնարկել է Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների ծրագիրը, որն իրականացվելու է Մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման (ՄՊՎ) պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) թեստավորման միջոցով, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

՛՛Արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց մոտ ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է:
 
Այն հնարավոր է կանխարգելել և վաղ հայտնաբերել միայն սքրինինգային հետազոտությունների միջոցով:
 
Սքրինինգն իրականացվում է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ իրականացնող կազմակերպություններում:
 
Ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից.
30-ից 60 տարեկան կանայք՝ 5 տարին մեկ պարբերականությամբ, բացառությամբ՝
 
կանայք, որոնք երբևէ չեն ապրել սեռական կյանքով (virgo),
 
կանայք, որոնց մոտ վիրահատական միջամտությունից հետո բացակայում է արգանդի պարանոցը (վիճակ արգանդի էքստիրպացիայից հետո),
 
կանայք՝ ախտորոշված արգանդի պարանոցի քաղցկեղ կամ նախաքաղցկեղով։
 
Ինչպե՞ս է իրականացվում արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունը.
 
30–ից 60 տարեկան կանայք անցնում են ՄՊՎ թեստավորում։
 
Թեստի բացասական պատասխանի դեպքում հաջորդ սքրինինգային հետազոտությունը խորհուրդ է տրվում անցկացնել 5 տարի անց։
 
Թեստի դրական պատասխանի դեպքում կնոջն առաջարկվում է անցնել կոլպոսկոպիկ հետազոտություն, որն իրականցվում է հատուկ սերտիֆիկացված մասնագետների կողմից։
 
Կոլպոսկոպիկ հետազոտության ընթացքում ախտահարված օջախների կասկածի դեպքում կատարվում է արգանդի պարանոցի բիոպսիա՝ հետագա հյուսվածաբանական հետազոտությամբ։
 
Բացասական հյուսվածաբանական պատասխանի դեպքում առաջարկվում է ՊՇՌ թեստավորման կրկնում՝ 1 տարի անց։
 
Դրական հյուսվածաբանական պատասխանի դեպքում առաջարկվում է բուժական միջամտություն՝ գործող կլինիկական ուղեցույցներով։
 
Ծրագրի շրջանակում հետազոտությունների ողջ ծավալը և բուժումն իրականացվում են անվճար։
 
Մի՛ հետաձգիր, հետազոտվի՛ր՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: