շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լուծարմամբ պայմանավորված՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լուծարմամբ պայմանավորված՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն

Կառավարությունը 2025 թվականի հոկտեմբերին որոշում է կայացրել, համաձայն որի՝ դադարեցվել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը: Այդ գործառույթն իրականացնում է «Արմավիր» ՔԿՀ-ում գործող նորաբաց բժշկական ստորաբաժանումը: Այս իրողությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 10-ի նիստին ասաց արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը:

««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի փակմամբ պայմանավորված՝ նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ քրեակատարողական օրենսգրքով, և առաջարկվում է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության ու սպասարկման կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել այն ՔԿՀ, որտեղ տեղակայված է բժշկական օգնության և սպասարկման՝ համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը:

Նշված փոփոխության տրամաբանությունն այն է, որ առավել նպատակահարմար ենք համարել, որ այդ բժշկական օգնությունն առավել օպերատիվ և արդյունավետ իրականացնելու համար հաստատությունը լինի քրեակատարողական հիմնարկին շատ ավելի մոտ, տվյալ դեպքում՝ ՔԿՀ-ի տարածքում, որպեսզի լոգիստիկ տեղափոխության անհրաժեշտություններն էլ հնարավորինս նվազագույնի հասցվեն»,- ասաց նա:

Գևորգ Քոչարյանը տեղեկացրեց, որ այլ ՔԿՀ-ներում հետագայում ավելի փոքր ծավալների երկարատև բուժման համար հնարավորություններ կարող են ստեղծվել, սակայն այս պահին այդ հնարավորությունը կա միայն «Արմավիր» ՔԿՀ-ում:

Ըստ զեկուցողի՝ «Արմավիր» ՔԿՀ-ում կան նորագույն բուժտեխնիկա, սարքավորումներ, ժամանակակից բուժհաստատություններին հարիր վիճակ: Հիվանդներ ևս արդեն իսկ կան, որոնք տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոցից»:

  • Կիսվել: