հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դատախազությունը կբողոքարկի Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ որոշումը

Դատախազությունը կբողոքարկի Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ որոշումը

ՀՀ դատախազությունը կբողոքարկի ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումն արձանագրող դատական ակտը։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ֊ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նրա հաղորդմամբ՝  բողոքը կներկայացվի առաջիկայում։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ Վարդազարյանի բողոքը՝ պարտավորեցնելով վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։ Այլ խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։ Դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործը պետք է կարճվի, իսկ Վարդազարյանի լիազորությունները, ամենայն հավանականությամբ, կվերականգնվեն։

ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

 

  • Կիսվել: