Դանակի հարվածներից uպանված 20-ամյա տղան ՊՆ պայմանագրային զինծառայող էր. մանրամասներ
Սևանի հրապարակում երեկ սպանված 20-ամյա Արամ Խաչատրյանը պայմանագրային զինծառայող էր, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։ Այս մասին հայտնում է Armlur.am–ը։
Կայքի տեղեկություններով՝ նա Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքից էր։
Հիշեցնենք՝ փետրվարի 21-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի կենտրոնական հրապարակից։ Մինչ դեպքի հանգամանքները պարզելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։



