կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դանակահարություններ՝ Գավառում. մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանները տաք հետքերով պարզել են մասնակիցների ինքնությունը

Դանակահարություններ՝ Գավառում. մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանները տաք հետքերով պարզել են մասնակիցների ինքնությունը

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ), իրականացրած հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են դեկտեմբերի 19-ին Գավառ քաղաքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության և դանակահարության որոշ հանգամանքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 23։50-ի սահմաններում Գավառի ԲԿ-ից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արման Խ-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով։

Ոստիկանները պարզել են նաև, որ Արման Խ-ի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում ու ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ՝ պարզել են, որ այդ օրը, ժամը 20։00-ի սահմաններում Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի և Գանձակ բնակավայրի միջնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Միշա Ջ-ն, 23-ամյա Գոռ Ջ-ն (վերջիններս, ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, հարազատ եղբայրներ են), 31-ամյա Արթուր Գ-ն, 23-ամյա Նորայր Մ-ն և 30-ամյա Նվեր Ղ-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն են ունեցել հիվանդանոց տեղափոխված Արման Խ-ի հետ, ու մինչ ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հեախուզական միջոցառումներ՝ նշված անձանց գտնվելու վայրն ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 03։30-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգն է ստացվում հերթական, որ «ձախ ազդրի վերին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնում են, որ նա նույնպես ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։  Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Վահան Ն-ն է, ով վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։ 

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողներն իրականացնում են բացատրական աշխատանքներ, որի արյդունքում Գոռ Ջ-ն ինքնակամ ներկայանում է ոստիկանության Գավառի բաժին և հայտնում, որ վիճաբանության ժամանակ ինքն է նշված անձանց դանակով հարվածել և ներկայացնում է նաև հանցագործության գործիք դանակը։    Գոռ Ջ-ն ոստիկանության Գավառի բաժնից ներկայացվում է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։  

  • Կիսվել: