ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
COVAX Facility նախաձեռնությունը չի ստիպել Հայաստանի Հանրապետությանը AstraZeneca պատվաստանյութը ձեռք բերել․ ԱՆ

COVAX Facility նախաձեռնությունը չի ստիպել Հայաստանի Հանրապետությանը AstraZeneca պատվաստանյութը ձեռք բերել․ ԱՆ

COVAX Facility նախաձեռնությունը չի ստիպել Հայաստանի Հանրապետությանը AstraZeneca պատվաստանյութը ձեռք բերել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Պատվաստանյութերն առաջարկում է COVAX Facility նախաձեռնությունը: Ի սկզբանե պետք է լիներ Pfizer պատվաստանյութը, սակայն այն հնարավոր չեղավ ձեռք բերել: Վերջինս պահանջում էր մինչև մինուս 70 ջերմաստիճանում պահպանման պայմաններ: ՀՀ-ում նման պայմաններ չկան: Ինչ վերաբերում է AstraZeneca-ին, ապա կարող եմ ասել, որ այն նույնպես առաջարկել է COVAX Facility նախաձեռնությունը: Մենք առաջին խմբաքանակն արդեն ձեռք ենք բերել, պետք է սկսենք պատվաստումները»,- նշեց մասնագետը:

Անդրադառնալով պատվաստանյութի խնդրահարույց լինելուն (խոսվում է պատվաստումից հետո կողմնակի ազդեցությունների մասին– հեղ.)՝ Աբովյանն ասաց, որ Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը վերջին շրջանում մի քանի անգամ հանդես է եկել և ասել, որ AstraZeneca-ն որևէ խնդիր չունի:

«Խոսակցություններ կան, թե COVAX Facility-ն պարտադրել է մեզ ձեռք բերել AstraZeneca-ն, այս առումով ասեմ, որ նման բան չկա: Նախաձեռնությունը միայն առաջարկում է պատվաստանյութերը, երկրներն էլ, ելնելով իրավիճակից և հնարավորություններից, ձեռք են բերում: Ընդ որում, այնպես չէ, որ AstraZeneca-ն շատ պատվաստանյութ ունի, այդ պատճառով էլ հիմնականում պատվաստումներն իրականացվել են ռիսկի խմբերում»,- նշեց Ռոմելլա Աբովյանը:

  • Կիսվել: