հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2020
«Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի հայտարարությունը

«Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի հայտարարությունը

«Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի հայտարարությունը՝ ստորև․

Մեր ընթերցողներին և իրավապաշտպան կազմակերպություններին տեղեկացնում ենք, որ մեր լրատվամիջոցի դեմ դատարան հայցադիմում է ներկայացրել ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ պահանջելով 1 միլիոն դրամ հատուցում՝ նրան իբր հասցրած վիրավորանքի համար:

Ահա հայցադիմումի հիմք դարձած մեր հրապարակումը՝ «Գորգիսյանը կլիներ ջեբկիր» վերնագրով.

««Պաշտոնապես հայտարարում եմ՝ ովքեր մտահոգ են, որ ՈՉ–ի ճամբարում մեր լիցենզիայով հանձնաժողովի անդամ է լինելու՝ պատրաստվում էին լցոնումներ իրականացնել ընտրական տեղամասերում»,- ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: 

«ՉԻ». Հետո ասում են՝ Հայաստանում կորոնավիրուս չկա: Մարդը բացահայտ ցույց է տալիս, որ խնդիրներ ունի, բայց քանի որ «ընդդիմադիր» է՝ Թորոսյանը չի ցանկանում նրան հոսպիտալացնել: Գորգիսյանի դեպքում կարելի է նաև պնդել, որ դիմակները չեն օգնում վիրուսից պաշտպանվել. չէ՞ որ նա առաջին իսկ վտանգի դեպքում մշտապես դիմում է թաշկինակի օգնությանը և փակում քիթն ու բերանը: Գորգիսյանի մոտ կարծես արդեն բարի ավանդույթ է ձևավորվել՝ ցանկացած լուրջ գործընթացի նախաշեմին նա անում է մի գործողություն կամ արտահայտում մի միտք, որ դառնում է այդ գործընթացի անքակտելի մասը: Եվ քանի որ ԼՀԿ–ն հիմա մտել է մարաղ, և մանյովրի դաշտը փոքրացել է, հերոսի ազգանունով պատգամավորը որոշեց սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեջ իր անունը մտցնել նման անհեթեթ մտքերով: Պաշտոնապես հայտարարում ենք՝ եթե Միքայել Մինասյանը չստեղծեր «Լուսավոր Հայաստանը» և չլիներ Գևորգի ազգանվան առավելությունը, ապա նա հաստատ կլիներ ջեբկիր»»:

Պարզվում է, որ պարոն Գորգիսյանը վիրավորվել է այն բանից, որ իր կարծիքով «ՉԻ»-ն իրեն ջեբկիր է անվանել։ Իսկ մեր կարծիքով, անգամ դպրոցի երրորդ դասարանի ցանկացած աշակերտ, որն արդեն կարողանում է կարդալ գրավոր տեքստեր, շատ լավ կհասկանար, որ մենք իրականում իրեն «ջեբկիր» չենք անվանել, այլ ընդամենը ծաղրել ենք նրա տրամաբանությունը, որի համաձայն, նրանք, ովքե՛ր քննադատում էին «Լուսավոր Հայաստանի» պատրաստակամությունը՝ համալրել սահմանադրական հանրաքվեում ՈՉ-ի ճամբարի հանձնաժողովները, «պատրաստվում էին լցոնումներ իրականացնել ընտրական տեղամասերում»։ Եվ մենք ցույց ենք տվել, որ նման աղավաղված տրամաբանություն կիրառելու դեպքում կարելի է նույն հաջողությամբ «եզրակացնել», որ, որոշ պայմանների կատարման դեպքում՝ նա կարող էր դառնալ ջեբկիր։ Բնականաբար, այստեղից նաև հետևում է, որ Գորգիսյանի կողմից կիրառված նման «տրամաբանությունը» մենք ինքներս համարում ենք սխալ և անընդունելի։

Նման կեղծ մեղադրանքի հիման վրա հայցադիմում ներկայացնելով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ դատարան դիմելու իրական նպատակն է՝ դատական քաշքշուկների մեջ ներքաշելով և ֆինանսական վնաս հասցնելով անկախ լրատվամիջոցին՝ լռեցնել իրենց հասցեին հնչող քննադատությունը, լռեցնել մամուլը։ Դա նաև ցույց է տալիս, որ ներկայանալով որպես ազատական արժեքների կրող, կուսակցությունն իրականում չի հարգում խոսքի ազատության սկզբունքը։ Ժողովրդավարական երկրում քաղաքական ուժերի անխնա քննադատությունը, ներառյալ ծաղրը, ժողովրդավարական մշակույթի մաս են կազմում։ Այն քաղաքական ուժերը, որոնք հակափաստարկներով պատասխանելու փոխարեն (ինչի համար, ի դեպ, մենք պատրաստ ենք տրամադրել մեր լրատվամիջոցի հարթակը) դիմում են ազատ խոսքի դեմ իրավապահ մահակի օգնությանը, ընդամենը ապացուցում են, որ ազատական արժեքների կրող լինելու մասին իրենց հայտարարությունները կեղծ են և երեսպաշտական։

Հարկ ենք համարում նշել, որ այս հարցում պատրաստ ենք գնալ մինչև վերջ, ներառյալ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, և, անկախ դատարանի որոշումից, մշտապես հավատարիմ ենք մնալու մեր արժեքներին և գործելաոճին, չենք ընկրկելու կեղծ հայցադիմումների առջև և շարունակելու ենք հեգնել քաղաքական բոլոր ուժերի այն հայտարարությունները, որոնք մեր կարծիքով զավեշտալի են: Ի գիտություն Մամուլի ազատությամբ շահագրգիռ լրատվամիջոցներին. նախնական դատական նիստը (Դատական Գործ N: ԵԴ/11368/02/20) նշանակվել է սեպտեմբերի 24-ին, ժամը 16։00-ին (Նիստերի դահլիճի համար: 6), Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Հասցեն՝ ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, հեռ.՝ 57-75-84)։

«Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի խմբագրակազմ


  • Կիսվել: