Չինարեն դասավանդող և սովորող հայ դասախոսներն ու ուսանողները պարգեւների արժանացան ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան կողմից
ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսպանատունը այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երեւանում անցկացրեց չինարեն լեզվի ուսուցման ու դասավանդման 7-րդ պարգեւատրման արարողությունը: Միջոցառմանը ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը: Ներկա էր նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Դեսպանն իր խոսքում կարեւորեց միջոցառման ամենամյա իրականացումը Հայաստանում՝ շեշտելով, որ տարեվերջին անցկացվող այս իրադարձությունը կարեւոր է, քանի որ ոգեւորում է չինարեն ուսումնասիրող հայ ուսուցիչներին եւ ուսանողներին:
«Այս պարգեւատրման նպատակն է խթանել Հայաստանում չինարեն դասավանդող ուսուցիչներին եւ լեզուն ուսումնասիրող ուսանողներին առավել արդյունավետ դասավանդել ու սովորել լեզուն, ինչպես նաեւ ոգեշնչել նրանց այս գործում: 2018 թ-ից ի վեր ավելի քան 200 ուսուցիչներ եւ ուսանողներ արժանացել են այս պարգեւատրմանը, իսկ միջոցառման ազդեցությունը շարունակաբար մեծանում է»,-նշեց նա:
Դեսպանը հավելեց՝ Չինաստանը եւ Հայաստանը հին քաղաքակրթություններ են՝ հարուստ պատմությամբ եւ մշակույթով, եւ մեր ազգերի միջեւ ավանդական բարեկամությունը խորը արմատներ ունի, իսկ նոր դարաշրջանում նոր կյանք եւ էներգիա է ստանում:
«Վերջին տարիներին Չինաստանի եւ Հայաստանի միջեւ շփումները խորանում են, իսկ կրթության ոլորտում համագործակցությունն էլ ավելի է սերտանում: Լեզուն կարեւոր դեր է խաղում մեր երկրների միջեւ բարեկամության զարգացման եւ փոխընկալման ամրապնդման գործում: Այն դառնում է բարեկամության կամուրջ, որը կապում է Չինաստանի եւ Հայաստանի ժողովուրդներին»,-իր խոսքում նշեց նա:
Չեն Մինն ուրախությամբ հավելեց, որ անցած տարի Հայաստանում չինարեն լեզվի ուսուցումը զարգացել է դինամիկ տեմպերով: «Հայաստանում, հատկապես երիտասարդության շրջանում ընդլայնվում է չինարենի ուսումնասիրությունը՝ չինական մշակույթին ավելի մոտիկից ծանոթանալու ցանկությամբ: Չինարենի ուսուցումն ընդլայնվում է նաեւ Երեւանից դեպի մարզեր, իսկ գրանցված ուսանողների թիվն արդեն գերազանցել է 5000-ը»,-ասաց նա: