Ցավում եմ Լոս Անջելեսի մեր հայրենակիցների կորուստների համար. Զարեհ Սինանյան
Կալիֆոռնիա նահանգում բռնկված հրդեհների հետևանքով ամբողջությամբ այրվել է Սահակ Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը։ Այս մասին հայտնել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Սարսափելի է... Սահակ Մեսրոպ Հայ Քրիստոնյա Վարժարանը դարձավ հրո ճարակ։ Ցավում եմ Լոս Անջելեսի մեր հայրենակիցների կորուստների համար։ Խոսքեր չունեմ այն ընկերներիս համար, որոնք Փասիֆիք Պալիսեյդզի և Ալթադենա/Փասադենայի հրդեհների պատճառով իրենց տներն են կորցրել։Նույնիսկ այն տունը, որտեղ մեկ ամիս առաջ հանգրվանել էի, այլևս չկա»,- գրել է Սինանյանը։
Asbarez-ը գրում է, որ հրդեհների հետևանքով բազմաթիվ հայ ընտանիքներ տարհանվել են իրենց տներից։ Հրդեհի գոտիներում գտնվող հայկական վարժարանները փակ են մնացել։ «Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ հրդեհների հետևանքով Լոս Անջելեսում հարյուրավոր շենքեր են ավերվել , ինչի հետևանքով ավելի քան 70,000 մարդ տարհանվել է: