Ցավոք, մեր գործընկերն ամրակապված չի եղել, ինչը կարող էր փրկել նրա կյանքը. Արսեն Թորոսյանը՝ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարի մասին
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հույս ունի, որ քննությունը կպարզի շտապօգնության մեքենայի մասնակցությամբ ողբերգական վթարի բոլոր մանրամասները։
«Խոր ցավով տեղեկացա ավտովթարի հետևանքով մեր գործընկեր՝ Երևանի շտապօգնության բժիշկ Հասմիկ Ղազարյանի զոհվելու մասին։
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա բոլոր հարազատներին, ընկերներին, գործընկերներին և ամբողջ բժշկական հանրությանը՝ այս մեծ և անժամանակ կորստի կապակցությամբ։
Շտապօգնության բուժքրոջը, որը նույնպես վիրավորվել է և հետագայում վիրահատվել, մաղթում եմ արագ ապաքինում։
Երևանի քաղաքապետարանի խոսնակը տեղեկացրել է, որ, ցավոք, մեր գործընկերն ամրակապված չի եղել, ինչը կարող էր փրկել նրա կյանքը։ Հույս ունեմ, որ քննությունը կպարզի ավտովթարի բոլոր մանրամասները։
Նման ծանր պայմաններում աշխատող մեր գործընկերների աշխատանքային պայմանների բարելավումը պետք է լինի մեր բոլորի առաջնահերթություններից մեկը, իսկ ճանապարհային երթևեկության կանոնների խստագույն պահպանումը չպետք է լինի քննարկման առարկա, քանի որ դա կարող է փրկել մեր կյանքը»,- Facebook-ում գրել է Թորոսյանը։