հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բյուրեղավանցի տղամարդը շուրջ տասը տարի փախստական կնոջը ստիպել է մուրացկանություն անել

Բյուրեղավանցի տղամարդը շուրջ տասը տարի փախստական կնոջը ստիպել է մուրացկանություն անել

«Օգնեք հիվանդ կնոջը, օգնեք դեղ գնեմ». այս մշտական տեքստով նա ավելի քան տասը տարի փող է մուրում կենտրոնական փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, հյուրանոցների մոտ։ Տիկին Սվետլանայի դեմքը Երևանում գրեթե բոլորին է ծանոթ։ Գրում է Ազատությունը։

«Էս մին ամիս, ամսուսես 80 հազար եմ հավաքալ, տուրիստներ են տվել։ Եդնան էլ քաղաքում ամեն օր շրջել եմ, էլի 30-40 հազար ա իլլալ։ Էլի դավոլնի չի իլալ, թակելիս ա իլալ, ծեծելիս ա իլալ» - ասում է նա։

Միայն հիմա է խոստովանում, որ տասնյակ հազարավոր դրամները, որ մուրացել է ամեն օր, մի տղամարդու է տվել։

Բյուրեղավանցի այդ տղամարդը մի քանի օր է, կալանավորված է ու մեղադրյալ՝ 14 տարի շարունակ այս կնոջը աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու համար։

«66-ամյա կինը, դեռևս 2009 թվականին վարձակալական հիմունքներով բնակվելով Երևան քաղաքում, ծանոթացել է նույն հասցեում վարձակալական հիմունքներով բնակվող 43-ամյա տղամարդու հետ, ով նյութական կախվածության մեջ է գցել նրան և օգտվելով վերջինիս միայնակ և անօգնական վիճակից՝ ենթարկել շահագործման՝ տարիներ շարունակ ստիպելով զբաղվել մուրացկանությամբ», - տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Ինչպե՞ս է տեղի ունեցել

Տիկին Սվետան փախստական է Բաքվից։ Պատմում է, որ ծնողները բժիշկներ էին, ինքն էլ Բաքվի Նարիմանովի անվան բժշկական համալսարանն է ավարտել։ Բայց այնպես ստացվեց, որ Երևանում մանր-մունր առևտրով էր զբաղվում, որ տան վարձ տան։ Այդպիսի մի վարձով տանն էլ հանդիպել է այդ տղամարդուն։ Նա տիկին Սվետայի մոր գերեզմանին ինչ-որ շինաշխատանք է կատարել, 3 հազար դոլար է ուզել։

Կինը, բնականաբար, չի ունեցել ու սկսվել է. - « Ասում ա՝ հունց օզում ես, գնա ճարի էդ փողը, ինձ տու։ Ինձ տարալ ա մաշինով ստեղ-ընդեղ, ես քյացալ եմ մուրացկանություն ըրալ ժողովրդից։ Էդ փողը, ամեն օր 35-40 հազար, բերել եմ, տվալ եմ իրան։ Համա ասում ա՝ չես թամամել»։

Ամեն օր մինչև 80 հազար դրամ է մուրացել, իսկ 3 հազար դոլարը ավելի քան տասը տարի է չի փակվում։ Քննչական կոմիտեն այդ տղամարդու տնից հայտնաբերել է ավելի քան 70 հազար դոլար ու մեկ միլիոն 300 հազար դրամի չափով մետաղադրամներ՝ առանձին պարկերով։

«Ստոլի վրա դրել եմ կուխնիում, թափել, ու իրանք հաշվել են... Որ ասում ա բռնել են, դա իմ փողս իլալ, չի կրացալ փոխե», - ասում է Սվետլանան։

Տիկին Սվետան Բյուրեղավանում այդ տղամարդու ու նրա կնոջ տանն է քնել, պատշգամբում։ Բայց, ասում է՝ իրենցից բացի ինձ ոչ ոք չի տեսել այդտեղ։ Առավոտյան 6.30-ին կնոջը քաղաք են բերել, կեսգիշերին՝ հետ տարել։ Պատմում է, որ պարբերաբար ծեծել են քիչ փող հավաքելու համար. - «Թխել ա, գլուխս ջարդել... Ես թաքցրել եմ, ես եմ մեղավոր»։

Հանձնարարել է նստարաններին հանկարծ չնստել, հանկարծ տաք թեյ չխմել , սառնամանիքին էլ գլուխդ չփակել, որ չթմրի, աշխույժ մուրա... հրահանգել են անընդհատ քայլել ու մուրալ։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, տղամարդը յուրացրել է նաև այս կնոջ կենսաթոշակը։ Հենց այդ նպատակով էլ նրան հաշվառել է Բյուրեղավանի իր տանը։ Փախուստի բոլոր փորձերը ավարտվել են անհաջողությամբ, ընտանիքը նրան միշտ գտել է ու ծեծով վերադարձրել. - «Վախալ եմ... ինձ ուգրաժատ ընելիս ա իլալ, մի անգամ կփռնեմ, կսպանեմ ասում ա...»

Այժմ Տիկին Սվետան անօթևանների կացարանում է։ Այս անգամ ոչ թե փախել է, այլ առողջությունն է վատացել ու մնացել է քաղաքի կենտրոնից հեռու մի շենքի բակում, մարդիկ էլ ահազանգել են ոստիկանություն. - «Սկոռի են կանչալ, բան են կանչալ, փող են տվալ, պանիր են տվալ...»

Հիմա ապահով տեղում է, տղամարդը կալանավորված է, բայց սարսափը չի անցնում. - «Էս սհաթիս էլ վախում եմ դրանից»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: