կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Բուհերը միավորելու որոշման դեմ Բրյուսովի համալսարանի ուսանողները շարունակում են բողոքի ակցիաները

Բուհերը միավորելու որոշման դեմ Բրյուսովի համալսարանի ուսանողները շարունակում են բողոքի ակցիաները

 Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմն այսօր վերսկսել են բողոքի ակցիաները. այժմ նրանք կառավարության շենքի դիմաց են։
 
Համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ երկուշաբթի օրը 5 կետից բաղկացած առաջարկություն են ներկայացրել կառավարության անդամներին, ՀՀ վարչապետին և այժմ պատասխան են ակնկալում։
 
«Կետերից մեկը վերաբերում է որոշման (Մանկավարժական, Ֆիզիկական կուլտուրայի և Բրյուսովի համալսարանների միավորման,–խմբ.) կասեցմանը։ Մենք մեր առաջարկությունում նաև հայտնել ենք, որ բաց ենք առաջարկությունների և քննարկումների համար։ Կարծում ենք, որ պետք է ձևավորվի ակադեմիական խորհուրդ։ Քննարկման ենթակա չէ մեր համալսարանը Մանկավարժականի հետ միավորելու հարցը, քանի որ մինչ օրս մեզ ոչ մի ողջամիտ հիմնավորում չի տրվել, թե ինչու են նման որոշում կայացրել»,- նշեց Թամրազյանը։
 
Նշենք, որ Թամրազյանին ու ևս մի քանի հոգու կառավարությունում ընդունել են ու հայտնել, որ իրենց առաջարկությունների պատասխանը դեռևս պատրաստ չէ։
«Մեզ խոստացան, որ վաղը ժամը 13։00-ին ՀՀ փոխվարչապետ, մեր համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը կպատասխանի մեր հարցերին։ Մենք ընդունեցինք այդ առաջարկը։ Խնդրել եմ նաև, որպեսզի ՀՀ վարչապետին էլ տեղեկացնեն, որ արդեն 7 օր է` մեր ուսանողները դասադուլ են անում, սակայն չի հնչել ոչ մի կոչ, որպեսզի նրանք լսարան վերադառնան։ Կարծես թե մեր լիազոր մարմնին չի հետաքրքրում մեր 4500 ուսանողի կրթությունը»,- ասաց Թամրազյանը։
 

  • Կիսվել: