Բոյկոտում են մարդիկ, որոնք շատ ավելի վճարունակ են, ես անվճարունակի բոյկոտ դեռ չեմ տեսել. Հերիքնազ Տիգրանյան
Տրանսպորտի թանկացումը հիմնավորված եմ համարում, ոչ թե արդարացի. Գինը պետք է բարձրանա, որովհետեւ ծառայության որակն է փոխվում, մատուցման մակարդակն է փոխվում. նոր ծառայությունը բերեց նոր գներ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
«Գուցե սոցիալապես անապահով անձանց համար կարող է լինել բեռի ավելացում, բայց ես չտեսա, որ բոյկոտողները այդ մարդիկ են, որովհետեւ նրանք տեսան, որ իրենց համար այդ համակարգում արվում են արտոնություններ, զեղչեր: Ընդ որում, արտոնություն ունեցող անձանց շրջանակն ընդլայնվեց՝ անկախ Երեւանում հաշվառում ունենալու հանգամանքից:
Դժգոհողները մեծահասակներն են, որոնց համար ամեն նորությունը թվայնացման հետ կապված եւ տեխնիկայի հետ աշխատանքը դիսկոմֆորտ է: Դա ժամանակի խնդիր է, բոլորս էլ տեխնմիկայի հետ գործ ունենալիս ունենում ենք որոշակի դժգոհություններ, անհանգստություններ: Դա ամենեւին կապ չունի բոյկոտի հետ: Բոյկոտը քաղաքական ակցիա է, անում են քաղաքական ուժերը, նրանց հետեւում կանգնած քաղաքական խմբերը: ռեալ դժգոհություն մարդկանց մոտ կարող է առաջանալ նրանից, որ ծանոթ չեն կիրառման տեխնիկային»,-ասաց Տիգրանյանը՝ հավելելով, որ ինքը երթեւեկում է մետրոյով եւ չի տեսել դժգոհություն 150 դրամ սակագնից:
«Հատկանշական է, որ բոյկոտում են մարդիկ, որոնք շատ ավելի վճարունակ են, ես անվճարունակի բոյկոտ դեռ չեմ տեսել: Ինձ թվում է՝ բոյկոտում եմ բոյկոտի համար»: