«Բոլորիս, նաեւ մեր քաղաքացիների ապրածի հետևանքն է սա». Հակոբ Արշակյանը՝ պարտության մասին
Եռաբլուրը մի տեղ է, որտեղ մենք պետք է միշտ մտածենք ավելի արդյունավետ պետություն, ավելի ուժեղ բանակ, ավելի անկախ ու պինդ պետականություն ունենալու մասին: Այս մասին այսօր արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Նա ասաց, թե Եռաբլուր շատ հաճախ է այցելում տարբեր ժամերի. «Մշտապես մեր ջանքերում, առօրյայում, ամենուր եւ պետական, եւ ոչ պետական, եւ բժշկության, եւ կրթության, գիտության մեջ հիշենք, որ պետք է տրվել ամբողջությամբ պետության հզորացմանը»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահի խոսքով` այն քայլերը, որոնք բերել են այս իրավիճակին, անխուսափելիորեն բերելու էին այդ իրավիճակին. «Դրա մասին մենք խոսել ենք: Ես համարում եմ, որ չկա մի քայլ, որի արտացոլանքը մենք ապագայում չենք տեսնում: Մեր պետականության ընթացքում պետական համակարգի աշխատանքի, տեղի ունեցած թե կոռուպցիաների, թե չարաշահումների, թե պետական պաշտոնյաների անգործության հետեւանքն է սա: Ի դեպ, ոչ միայն պետական, սա մեր բոլորի, մեր քաղաքացիների ապրածի հետեւանքն է:
Ես չեմ խորշում ասել` սա մի տեղ է, որտեղ մենք պետք է միշտ վերաարժևորենք ու վերանայենք մեր մոտեցումները, միշտ պետք է փորձենք էլ ավելին անել»,- ասաց Արշակյանը: