շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բողոքի ակցիաները կառավարության շենք կհասնեն, եթե մեր պահանջը չկատարվի. Ողջաբերդի բնակիչները

Բողոքի ակցիաները կառավարության շենք կհասնեն, եթե մեր պահանջը չկատարվի. Ողջաբերդի բնակիչները

Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչներն այսօր ճանապարհ են փակել` պահանջելով վերադարձնել գյուղի նախկին վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին։ Նրանց խոսքով՝  Մուշեղյանին անհիմն են հեռացրել պաշտոնից: Ըստ ցուցարարների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտեսում է մի ամբողջ ժողովրդի պահանջը, այն է՝ Աշոտ Մուշեղյանը պետք է պաշտոնավարի Ողջաբերդում:

Գյուղացիները պատմել են, որ նույն հարցով իրենց նախորդ բողոքի ակցիան արդյունք չի տվել, և իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել հարցին լուծում տալու համար:

«Վարչապետին ներկայացվել է 4 նամակ, այսինքն նա տեղեկացված է այս հարցի մասին: Ցավոք, առայսօր դեռ ոչ մի կարգավորում չի եղել: Ոնց կարելի է մի ամբողջ գյուղի պահանջն անտեսել: Մենք պահանջում ենք, որ Աշոտ Մուշեղյանը շարունակի պաշտոնավարել... Առանց ազատման հրամանի նոր գյուղապետ է նշանակավել, սա օրենքի կոպիտ խախտում է: Հայտարարում ենք` այս արարքը հանցակազմ է պարունակում», - ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ցուցարարները դեմ են նոր գյուղապետ Գրիգոր Մելքոնյանի նշանակմանը, որի հայրը ևս ժամանակին եղել է իրենց գյուղապետը։ Գյուղացիների պնդմամբ՝ նվրա հայրը ժամանակին որևէ բան չի արել համայնքի համար, մինչդեռ Աշոտ Մուշեղյանը շատ բան է փոխել համայնքում։ Ցուցարարների խոսքով՝ բողոքի ակցիաները Ողջաբերդից կառավարության շենք կհասնեն, եթե իրենց պահանջը չկատարվի: 

  • Կիսվել: