ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Բողոքի ակցիա կառավարության դիմաց․ «Ձեր որդին չպե՛տք է լինի հաջորդ զոհը բանակում»

Բողոքի ակցիա կառավարության դիմաց․ «Ձեր որդին չպե՛տք է լինի հաջորդ զոհը բանակում»

 «Համախմբում» շարժման անդամները կառավարության առջև «Ձեր որդին չպետք է լինի հաջորդ զոհը» կոչով բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով պատժել ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի մեղավորներին։
«Համախմբում» շարժման ղեկավարներից մեկը` Մենուա Սողոմոնյանը, հայտարարեց, որ ողբերգության առաջին պատասխանատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, իսկ երկրորդ պատասխանատուն` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
«Եթե կան միջոցներ «Եվրատեսիլի» համար 5 միլիարդ ծախսելու համար, գաղտնի որոշումներով 500 000 դոլարով վարչապետի և նրա տիկնոջ համար նոր մեքենաներ գնելու համար կամ էլ 2 մլն դոլարով հանրապետության հրապարակը զարդարելու համար, ապա ինչպե՞ս է ստացվում, որ միջոցներ չկան մեր անվտանգությունը պահպանող զինվորների համար նորմալ կացարան պատրաստելու համար։ Բնականաբար, կան այդ միջոցները, սակայն եթե դրանք չեն ծախսվում, ապա նշանակում է, որ ուժեղ բանակն առաջնահերթություն չէ կամ էլ չեն տիրապետում իրավիճակին»,–ասաց Սողոմոնյանը։
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն էլ ասաց` բողոքի ակցիան ուշացած է, քանի որ պետք էր վաղուց բողոքեին և հանգիստ չտային կառավարությանը։
«Այս կառավարության օրոք բանակը դարձել է երկրի խորթ զավակը, փորձում են քայլ առ քայլ բանակը ծնկի բերել։ Իսկ հրդեհի դեպքի ժամանակ տեսեք ինչ եղավ` նոր էինք լսել դրա մասին, երբ արդեն 8 սպա ազատվեց պաշտոնից առանց ծառայողական քննության։ Շատերը, որոնց գործից հանել է Փաշինյանը, մեղք չունեն, որ զինվորները մնում էին այդ ախոռի մեջ։ Հենց Փաշինյանն է դրա պատասխանատուն»,–ասաց Չալաբյանը։

  • Կիսվել: