Բնակչության զգալի հատվածի խնդիրներից է՝ ոնց անել, որ իր տղան բանակ չգնա․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ժողովրդագրության ռազմավարության շրջանակներում առկա իր պատկերացումները:
«Կարծում եմ՝ ժողովրդագրությունը այնպիսի ծավալուն է, որ ուղղակի կամ անուղղակի կապվում է դահիլճում ներկա յուրաքանաչյուր անձի գործունեության հետ։ Ասում ենք՝ բարեկեցություն, կարևոր է, որ հասկացությունները ճշգրտենք կամ վերանայենք, որ համոզվենք, թե ճիշտ իմաստով ենք ընկալել բառերը։ Ի՞նչ նկատի ունենք բարեկեցություն ասելով, կարծում եմ, որ պետք է բարեկեցության հարցը դիտարկելիս նկատի ունենանք կենցաղային բարեկեցությունը, որ մարդն ապրելու նվազագույն պայմաններ պետք է ունենա: Բայց բարեկեցության մեջ մտնում է նորմալ տրանսպորտային համակարգ ունենալը, նորմալ կոմունալ ծառայություններ ունենալը, առողջությունը, առողջապահությունը։ Հնարավոր չէ բարեկեցություն պատկերացնել առանց կրթության»,- նկատեց երկրի ղեկավարը:
Վարչապետ խոսքով՝ աղքատության երևույթի անկյունաքարային պրոբլեմներից մեկը կրթության հետ է կապված. «Պետք է նաեւ արձանագրենք, որ ժողովրդագրության համար կարևոր է իրավունքների պաշտպանվածությունը։ Մեր իրականության մեջ ընդունված չէ խոսել արտագաղթ երևույթի մասին, դա բավարար չափով ուսումնասիրված չէ, որովհետև պետք է հասկանանք՝ ինչպե՞ս և ի՞նչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրներից մեկը հետևյալն է՝ ոնց անել, որ իր տղան չգնա բանակ։ Այս երևույթը ընտանիքի պլանավորումից ազդում է, որովհետև մարդը մտածում է՝ ինչպես մի տղայի բանակ չգնալը ապահովի, դա ուրիշ խնդիր է, իսկ երբ մտածում է, որ չորս տղայի բանակ գնալը պետք է ապահովի, դա բոլորովին ուրիշ խնդիր է»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը։