Որպեսզի սթափությունը գնահատենք, հարց տվեցի՝ կներեք դուք ինչ-որ նյութերի տակ եք, թե ոչ. Մարությանը՝ ավտոբուսի միջադեպի մասին
Նախ պապիկ չէր, ինձանից մի 10-15 տարի ավելի մեծ մարդ էր. ես մոտ 50 տարեկան եմ. եկան ավելի մեծ մարդ էր: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ավտոբուսում ուղեւորներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպին:
«Սկսենք նրանից, որ հենց սկզբից շատ ագրեսիվ վարքագիծ դրսևորեց այդ մարդը, սկսեց հնչեցնել վիրավորանքներ ամբողջ ավտոբուսով մեկ, այնտեղ նստած էին կանայք, երեխաներ: Դա շատ տարօրինակ մեզ թվաց, մենք միանգամից հասկացանք, որ այդ մարդը գինովցած է, այսինքն ինչ-որ ալկոհոլի տակ է: Մոտեցանք, որպեսզի զրուցենք, ընդհանրապես ալկոհոլի հոտը չառանք և միանգամից տրամաբանական հարց առաջացավ, որ կարող է այլ ինչ-որ նյութերի ազդեցության տակ է, շատ անադեկվատ էր, տարածածավալային պատկերացում չուներ որտեղ է գտնվում:
Բնականաբար, որպեսզի սթափությունը գնահատենք, հարց տվեցի՝ կներեք դուք ինչ-որ նյութերի տակ եք, թե ոչ:
Այդ մարդը իրեն շատ վատ վարքագիծ էր դրսևորում և իրոք տարօրինակ էր, անգամ մեր տղաները պատրաստվում էին զանգել ոստիկանություն: Բայց նաև հասկանալով դա և հասկանալով դժգոհությունը ամբողջ ավտոբուսի, այդ մարդը շատ արագ հեռացավ այդտեղից: Մենք ունենք տեսանյութը ամբողջական, ինչպես է այդ մարդը վիրավորում, չասեմ այլանդակ, բայց շատ վատ, ագրեսիվ կեցվածքով և վարքագծով այդ տեսանյութը ունենք: Հատուկ չենք հրապարակել, որպեսզի չթիրախավորենք իրեն, բուլինգի առարկա չդարձնենք:
Եթե մարդիկ տեսնեն՝ ինչեր էր նա անում, ինչեր էր խոսում, կարծում եմ՝ քաղաքացիները շատ վատ կգնահատեն դա: Կարծում եմ՝ իր մոտ ինչ-որ հոգեկան խնդիրներ կային կամ հոգեբանական: Չենք ուզենա այդ մարդուն ավելի վատ դրության մեջ գցել»,-ասաց Մարությանը: