ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Բազմաթիվ ջավախահայեր ՀՀ ժամանելիս բախվում են լրջագույն խնդրի. Դանիելյան

Բազմաթիվ ջավախահայեր ՀՀ ժամանելիս բախվում են լրջագույն խնդրի. Դանիելյան

Ինձ են դիմել բազմաթիվ ջավախահայեր, որոնք ՀՀ ժամանելիս բախվում են լրջագույն խնդրի: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: 

Նա, մասնավորապես, նշել է. «Ստորև ներկայացնում եմ խնդիրն առավել հանգամանալից:

Գաղտնիք չէ, որ ջավախահայ մեր հայրենակիցները վերջին տարիներին, հիմնականում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու նպատակով, Վրաստանի քաղաքացիության հետ մեկտեղ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել նաև ՀՀ քաղաքացիություն:

Այն ջավախահայերը, ովքեր ունեն նաև ՀՀ քաղաքացիություն և ՀՀ են մուտք գործում Վրաստանի քաղաքացիության անձնագրով և վրացական վարորդական իրավունքի վկայականով, ՀՀ տարածքում պարեկների կողմից զանգվածորեն տուգանվում են:

Ջավախահայերի՝ ՀՀ տարածքում տուգանվելու պատճառը կամ հիմքը ՀՀ-ում գործող կարգն է՝ ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացին պարտավոր է օգտագործել հայկական վարորդական վկայական, որը, բնականաբար, չունեն ջավախահայ մեր հայրենակիցները շատ պարզ պատճառով՝ ապրում են Վրաստանում, ունեն Վրաստանի քաղաքացիություն և վրացական վարորդական իրավունքի վկայական:

Վերոնշյալը չափազանց անարդար մոտեցում է ջավախահայ մեր հայրենակիցների հանդեպ: Վերջիններս միանգամայն իրավունք ունեն ունենալու նաև ՀՀ քաղաքացիություն և չունենալու հայկական վարորդական իրավունքի վկայական, քանի որ չեն ապրում ՀՀ-ում և մեր հանրապետության սահմանը հատում են իբրև Վրաստանի քաղաքացի, վրացական անձնագրերով և վրացական վարորդականներով:

Ջավախահայերի մոտ ՀՀ քաղաքացիության հայտնաբերումը և դրա հենքի վրա տուգանումը ոչ միայն բարոյական, այլև իրավական առումով անթույլատրելի է:

Դիմում եմ ՀՀ Ներքին գործերի նախարարությանը և պետական պատկան մարմիններին՝ նշված հարցին շուտափույթ լուծում տալու, ջավախահայությանը ՀՀ տարածքում ապօրինի կերպով տուգանելու գործընթացը շուտափույթ դադարեցնելու պահանջով:

Նշված խնդիրը ներկայացրել եմ նաև գրավոր: Հարցը բարձրացնելու եմ նաև առաջիկա քառօրյային»։

  • Կիսվել: