երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բարձր ենք գնահատում արևմտյան գործընկերների ջանքերը Հվ. Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում. Սոնա Ղազարյան

Բարձր ենք գնահատում արևմտյան գործընկերների ջանքերը Հվ. Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում. Սոնա Ղազարյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Հուլիսի 6-ին պատգամավորը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովում:

«Հարգելի' գործընկերներ,

Տիկնա'յք և պարոնա'յք,

 

Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի խորհրդարանին այս վեհաժողովը լավ կազմակերպելու համար:

Հարգելի' ներկաներ, ինչպես գիտեք, Հայաստանն անցնում է մեծ դժվարությունների միջով` բախվելով անվտանգության ամենամեծ սպառնալիքներին: 2021 թվականից Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անօրինական օկուպացրել է մեր ինքնիշխան տարածքի զգալի մասը:

Մենք բարձր ենք գնահատում մեր արևմտյան գործընկերների` ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում:

Այս համատեքստում կարևոր է ընդգծել Եվրոպական խորհրդի որոշումը` Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին` նպաստելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը ե'ւ Հայաստանի, ե'ւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը:

Ցավոք, Ադրբեջանը դեմ է անգամ այս քաղաքացիական առաքելությանը:

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակման հանգամանքի` Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վրա: Շրջափակումը հանգեցրել է ծանր հումանիտար ճգնաժամի: Լեռնային Ղարաբաղի հայերն ապրում են լիակատար պաշարման պայմաններում: Շուրջ 30 հազար երեխա զրկված է լիարժեք կրթության իրավունքից:

Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգության խնդիրները պետք է լուծվեն նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջոցով` գործընթացում չեզոք միջազգային ներգրավվածությամբ և խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմի ներդրմամբ:

Մեր այցից մի քանի օր առաջ, ադրբեջանական զինուժը կրկին հրետանային և անօդաչու թռչող սարքերով ռմբակոծել է Լեռնային Ղարաբաղի դիրքերը` սպանելով 4 զինվորի:

Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը, անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումն ու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն է իրականացնում:

Մենք իսկապես հավատում ենք, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը, խաղաղ գոյակցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է հիմնվի խաղաղ և ներդաշնակ ապրելու համար:

Շնորհակալություն»,- ասել է Սոնա Ղազարյանը:

  • Կիսվել: