հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Բաքվից վերադարձած Գևորգ Սուջյանը պատմել է գերության մասին

Բաքվից վերադարձած Գևորգ Սուջյանը պատմել է գերության մասին

«Պետք է մնաս, որովհետև ձեր պետության հետ պետք է հարցեր լուծենք»․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Բաքվից վերադարձած գերիներից Գևորգ Սուջյանը՝ պատմելով գերության մեջ անցկացրած իր հինգ տարիների մասին։

Սուջյանը ադրբեջանական գերությունից վերադարձել է հունվարի 14-ին՝ երեք այլ հայերի հետ՝ Դավիթ Դավթյանի, Վիգեն Էուլջեքջյանի և Վագիֆ Խաչատրյանի։ Նույն օրը Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի երկու քաղաքացի՝ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերինը, Թուրքիայի միջոցով փոխանցվեցին Սիրիային։ Նրանք 2020-ի Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի կողմից կռվող վարձկաններ էին, որոնք գերեվարվել էին։

Գևորգ Սուջյանի խոսքով՝ ինքը բազմիցս դիմել է իրեն դատող կողմին՝ խնդրելով ապացուցել իր մեղքը, ինչին պատասխանել են․ «Դու մեղք չունես, բայց պետք է մնաս, որովհետև պետք է ձեր պետության հետ մենք լուծենք հարցեր։ Մեզ պետք է, որ քեզ սրոկ տանք, դու նստես այնքան ժամանակ, քանի դեռ հարցերը չի լուծվել»,- ասում է նա՝ հավելելով, որ կեղծ վկաներ էին բերում, իսկ իրեն ասում էին՝ կարող են իր դեմ 60 վկա բերել 10 րոպեյվա ընթացքում։

Գևորգ Սուջյանը նշել է, որ Բաքվում դատավարությունները տեղի են ունեցել մի շարք կոպիտ խախտումներով։

«Ես դատարան եմ գնացել, բայց ո՛չ փաստաբան եմ տեսել մինչև դատարան, ո՛չ ծանոթացել եմ այն մեղադրանքի հետ, որ ինձ առաջադրել են. աչքերս փակած տարել են, մտցրել են դատարան, իրենք իրենց խոսքը ասել են, հաշվի չեն առել մեր խոսքն ընդհանրապես, հետո բերել գցել խուց»,- պատմել է նա։

Սուջյանի խոսքով՝ կեղծ վկաներ էին բերում դատերին, և իրեն ասել էին, որ կարող են 60 վկա բերել 10 րոպեում։

Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էր 2020-ի պատերազմի հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին Արցախ մարդասիրական օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ներկայում Բաքվում կա 19 հայ գերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչ։

  • Կիսվել: