ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բացահայտվել է Գայի պողոտայում կատարված ավազակային հարձակումը (տեսանյութ)

Բացահայտվել է Գայի պողոտայում կատարված ավազակային հարձակումը (տեսանյութ)

Դեկտեմբերի 30-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի ահազանգել է 1-02 և հայտնել, որ Գայի պողոտայի ինտերնետ ակումբում գողություն է կատարվել։

Սակայն ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն այլ բան պարզեց։ Ժամը 4.30-ի սահմաններում ինչ-որ մեկը, ատրճանակը ձեռքին, մտել էր ինտերնետ ակումբ, սպառնացել ու դրամարկղից փող էր հափշտակել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, համագործակցեցին՝ համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։ Համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի մայրաքաղաքի Շոպրոնի փողոցի 28-ամյա մի բնակիչ։

Նա նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին՝ հարցաքննության։

Նա տվել է խոստովանական ցուցմունք, ձերբակալվել, ապա կալանավորվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ` ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ավազակության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: