հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն խոհանոցային մասնաշենքը

«Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն խոհանոցային մասնաշենքը

Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրի, տնօրեն Քրիստինա Ազնավուրի և մյուս գործընկերների հետ մասնակցել է հիմնադրամի աջակցությամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հիմնանորոգված խոհանոցային մասնաշենքի բացման արարողությունը:

«Այն, ինչ կար խոհանոցային հատվածում մինչև հիմնանորոգումը, ծայրաստիճան մաշված և հնացած պայմաններն էին. բուժվողների համար հնարավոր չէր ապահովել պատշաճ որակի սնունդ: Բայց կառավարության հանձնառությամբ և «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ` այն ամբողջությամբ հիմնանորոգվել է` բուն խոհանոցի տարածքից և սննդամթերքի պահեստից մինչև առանձին մուտքով բուֆետի տարածք, հագեցվել ժամանակակից սարքավորումներով, նոր օդափոխության համակարգով»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Մշակվել է նաև պացիենտների սնուցման ուղեցույց, ճաշացանկեր` սնունդն ավելի բազմազան և բալանսավորված դարձնելու համար, հաշվի է առնվել միջազգային առաջադեմ փորձը:

«Շատ ուրախ եմ տեսնել մեր հրաշալի համագործակցության արդյունքը: Յուրաքանչյուր մարդ կյանքի որոշակի փուլում կարող է հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունենալ: Որպեսզի երկարաժամկետ արդյունք ունենա այս աշխատանքը, մեր հիմնադրամը որոշել է միանալ առողջապահության նախարարությանը և օգնել արդիականացնել հոգեկան առողջության կենտրոնը»- նշել է Նիկոլա Ազնավուրը:

  • Կիսվել: