հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահի հետ

ԱԺ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահի հետ

Նոյեմբերի 17-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում տեղի է ունեցել Լանդթագի նախագահ, դոկտոր Գուննար Շելլեմբերգերի հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակության հետ՝ Վլադիմիր Վարդանյանի ղեկավարությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
 
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեպան Վիկտոր Ենգիբարյանը:
 
 
Հանդիպման ընթացքում Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել երկրամասի Լանդթագին ջերմ ընդունելության համար՝ վստահեցնելով, որ այն առաջին ծիծեռնակը կդառնա հետագա համագործակցության շարունակականության ապահովման համար:
 
«Անչափ տպավորված լինելով Հայաստան կատարած իր այցից՝ Լանդթագի նախագահը հաստատագրեց, որ արդեն ուրվագծված են Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղղություններն ու արդյունավետ փոխգործակցության հեռանկարները։
 
Հանդիպմանը փոխադարձ համագործակցության ոլորտներից առանձնացվեցին հատկապես մշակույթի և գյուղատնտեսության ոլորտների շուրջ փոխգործակցության իրատեսական հնարավորությունները՝ հույս հայտնելով, որ խորհրդարանականները կկամրջեն այս ոլորտների հետագա փոխշփումները:
 
 
Ներկաները երկուստեք վստահություն հայտնեցին երկու խորհրդարանների միջև կառուցողական և բարեկամական հարաբերություններ ձևավորելու պատրաստակամության շուրջ, որին հետագայում կնպաստեն շարունակական բնույթ կրող մասնագիտական բովանդակային հանդիպումները:
 
Կողմերը վստահեցրեցին, որ մոտ ապագայում անպայման կձևավորվեն համագործակցության խորացմանը միտված մասնագիտական հանձնախմբեր»,- ասված է գրառման մեջ:
 

 

  • Կիսվել: