երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
ԱԺ-ի դռները փակեք, մի հատ կողպեք դրեք, ամեն մեկդ մի ավտոմատ վերցրեք ու գնացեք տղաների մոտ սահման․ զոհվածի ծնող

ԱԺ-ի դռները փակեք, մի հատ կողպեք դրեք, ամեն մեկդ մի ավտոմատ վերցրեք ու գնացեք տղաների մոտ սահման․ զոհվածի ծնող

Մենք մինչև առավոտ, մինչև վաղը երեկո հերթապահելու ենք Եռաբլուրում, որպեսզի այն մարդիկ, որոնք սրբապիղծ են, տեղյակ չեն ազգի դարդուցավին, չգան Եռաբլուր, այս մասին լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, ով մյուս ծնողների հետ եկել է Եռաբլուր, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մյուս պաշտոնյաներին թույլ չտա մուտք գործել Եռաբլուր։

Վահիդ Սահակյանը նշեց, որ պաշտոնյաները ավելի լավ է զինվեն և գնան առաջնագիծ։ «Էսօր մտածում են արդեն մտնեն ապաստարաններ։ Տո չեք ամաչում, բա Երևանից ո՞ւր եք գնալու։ Գնացեք, դեպի Վրաստան գնացեք։ Էս ո՞ւմն են թողնում էս երկիրը։ Ամոթ էլ էլի վերջապես։ Բա էս տղաները զոհվել էն, որ հիմա էլ Երևանը նվիրատվություն անե՞ք։ Արեք, տեսնենք մինչև ուր եք գնալու։ Առաջնագիծ գնալու փոխարեն ապաստարան են մտնում։ Էդ Ազգային ժողովի դռները փակեք, մի հատ կողպեք դրեք, ամեն մեկդ մի ավտոմատ վերցրեք ու գնացեք տղաների մոտ կանգնեք, մենք էլ ձեր հետ միասին»,– ասաց նա։

Վահիդ Սահակյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին և պետք է հեռանա, և նրա փոխարեն գա մեկը, որը կկարողանա երկիրը դուրս բերել այս իրավիճակից։ «Վերջապես, այս հերոս տղաների արյան հաշվին ինչքան պիտի նստի այդ աթոռին։ Մի՞թե այդ աթոռն այդքան թանկ է ․․․ Գնա էլի, այ մարդ, գնա։ Մենք չենք ասում է միայն, բոլոր ծնողներն են ասում։ Գնա, թող գա նա, ով կարող է այս երկիրը հանել այս վիճակից»,– ասաց նա։

  • Կիսվել: