շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱԺ եկած երեխաները պատգամավորներին ներկայացրել են սահմանամերձ գյուղերում արտագաղթի խնդիրը

ԱԺ եկած երեխաները պատգամավորներին ներկայացրել են սահմանամերձ գյուղերում արտագաղթի խնդիրը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը եւ Արմեն Խաչատրյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում հանդիպել են խորհրդարան այցելած Բարձրավանի միջնակարգ եւ Տանձատափի հիմանական դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների հետ, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի ֆեյսբուքյան էջից։

Լուսինե Բադալյանն աշակերտների հետ խոսել է նրանց նպատակների, մասնագիտության ընտրության մասին, հորդորել լավ սովորել եւ շեշտել կրթության կարեւորությունը մեր երկրի համար։

Արմեն Խաչատրյանն էլ աշակերտներին ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությունը, խորհրդարանի դերը։

Հյուրերը պատգամավորներին ներկայացրել են իրենց համայնքներում առկա խնդիրները՝ երեխաների համար զարգացման կենտրոնների բացակայությունը, ճանապարհների ոչ բարվոք վիճակը, դպրոցներում մարզասրահների բացակայությունը։ Արմեն Խաչատրյանը խոստացել է խոսել Սյունիքի մարզի մարզպետի հետ եւ միասնական ջանքերով նպաստել խնդիրների լուծմանը։

Պատգամավորների հետ զրույցում երեխաները խոսել են սահմանամերձ համայնքներում առկա արտագաղթի խնդրի մասին, ինչը, հատկապես, առկա է երիտասարդների շրջանում եւ հանգեցնում է բնակավայրերի բնակչության թվի նվազմանը։ Արմեն Խաչատրյանը եւ Լուսինե Բադալյանը նշել են, որ պետք է կարեւորել համայնքների զարգացումը, կազմակերպել տարատեսակ փառատոններ, միջոցառումներ, որոնց կմասնակցեն նաեւ աշակերտները։

«Հավատեցեք հրաշքներին եւ ձեր երազանքներին, քանզի բարին եւ դրականը միշտ իրականանում են»,- ասել է Լուսինե Բադալյանը:

Հյուրերն այցելել են խորհրդարանի թանգարան, եղել գրադարանում:

  • Կիսվել: