ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
«Ազգային օրակարգի» ներքո երկար տարիներ Հայաստանում հաստատվել են կոռուպցիոն կարգեր․ Փաշինյանը Սուրբ Ղազար կղզում

«Ազգային օրակարգի» ներքո երկար տարիներ Հայաստանում հաստատվել են կոռուպցիոն կարգեր․ Փաշինյանը Սուրբ Ղազար կղզում

«Ազգային օրակարգի» ներքո երկար տարիներ Հայաստանում հաստատվել են կոռուպցիոն կարգեր: Այս մասին այսօր Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի եւ Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ազգային օրակարգը շատ երկար տարիներ եղել է հարմար տանիք մենաշնորհների, կոռուպցիայի, հարստություն կուտակելու համար: Ցավոք, այսօր մենք բոլոր ոլորտներում ունենք պրոֆեսիոնալ մակարդակի խնդիր: Մենք այս խնդիրները պետք է լուծենք»,-հայտարարեց Փաշինյանը: Նրա խոսքով, Հայաստանում երկար ժամանակ գիտական գործունեություն վարել նշանակել է ամեն առավոտ գնալ աշխատավայր օրվա առաջին կեսին սուրճ խմել եւ վերադառնալ տուն:

«Բայց մենք արմատախիլ ենք անելու այդ արատավոր երևույթները»,- հավաստեց վարչապետը։ Նա ցավ հայտնեց այն բանի համար, որ կղզի այցելելու ֆորմալ առիթը ջրհեղեղն է, որը վնասել է Մխիթարյան միաբանությունը:

«Սուրբ Ղազար կղզին, Մխիթարյան միաբանությունը մեր իրականության եւ պատմության համար շատ կարեւոր նշանակություն ունի: Վստահ եմ, որ ապագայում էլ կունենա: Այն գիտական ժառանգությունը, որ ստեղծվել է այստեղ, առաջին հերթին հայագիտական, հայոց լեզվի, մեր պատմության հետ առնչնչվող, դրվել է մեր նոր գիտության եւ կրթության հիմքում, ինչը շատ կարեւոր է, դա մենք պետք է գնահատենք»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իր ներկայացրած կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» առանցքային դրույթներից մեկը հայ ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումն է։

Նա ընդգծեց, որ իր ղեկավարած կառավարության մեծ առաքելություններից մեկը հայի ինքնության, պատմության,անցյալի հետ հաշտ լինելն է, ինքներս մեզ ճանաչելը մեր ամբողջության մեջ։

  • Կիսվել: