չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այսօրվանից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

Այսօրվանից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

Այսօրվանից տնտեսվարողները եւ գնորդները կհրաժարվեն պոլիէթիլենային տոպրակներից եւ պարկերից։ Հունվարի 1–ից ուժի մեջ է մտնում օրենքը, որով արգելվում է մինչեւ 50 միկրոն հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի վաճառքը խանութներում, սուպերմարկետներում եւ առեւտրի այլ կենտրոններում։

Շրջակա միջավայրի  նախարարության նախաձեռնած այս փոփոխության նպատակը պլաստիկի օգտագործումից բնությանը հասցվող վնասը նվազեցնելն է։

Ամբողջ աշխարհում տարեկան մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ է օգտագործվում: Միջին հաշվարկով՝ մեկ տնային տնտեսությունն օրական 1-ից 2-ն է օգտագործում։ Մինչեւ 50 միկրոն հաստություն ունեցող ցելոֆանե տոպրակները բնության մեջ քայքայվում են 400-ից 500 տարում։

Օգտագործված տոպրակների մեծ մասը կուտակվում է օվկիանոսում, ցամաքում եւ մեծ վնաս հասցնում շրջակա միջավայրին եւ մարդու առողջությանը։ Կուտակված պլաստիկը տարեկան մոտ 100 հազար ծովային եւ ցամաքային կենդանու մահվան պատճառ է դառնում։ Ըստ հաշվարկների՝ եթե աշխարհը չպայքարի պլաստիկի դեմ, 2050 թվականին համաշխարհային օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ։

2019 թվականի սկզբից Եվրոպական միության երկրներում արգելվել է անվճար պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը խանութներին։ Արդեն 2021 թվականին Եվրամիության երկրները հրաժարվել են մեկանգամյա օգտագործման սպասքից։ Մինչեւ 2029 թվականը Եվրոպան նպատակ ունի հավաքել օգտագործված պլաստիկ շշերի 90%-ը վերամշակման նպատակով։

Պլաստիկի հասցրած վնասները մեծ են նաեւ Հայաստանում։ Պոլիէթիլային մնացորդներով աղտոտված են Հայաստանի բազմաթիվ ջրավազաններ, որոնց հարեւանությամբ գործում են հանգստավայրեր եւ զբոսաշրջային կետեր։ Ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը եւ տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները:

Շրջակա միջավայրի նախարարությունը բնությունը պլաստիկից պաշտպանելու համար իր առջեւ խնդիր է դրել նվազեցնել մեկանգամյա օգտագործման արտադրանքի ծավալները, առաջին քայլը պոլիէթիլենային տոպրակներն են:

  • Կիսվել: