Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցն է
Ուղիղ 25 տարի առաջ այս օրն Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության թերևս ամենաողբերգական իրադարձություններից մեկը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց նիստերի դահլիճ ներխուժած ոճրագործների կրակահերթից։
Ահաբեկչական խմբի գործողություններին զոհ գնացին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։
2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։
«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության փուլում էր, ըստ պաշտոնական վարկածի, Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։
Նաիրի Հունանյանը շարունակում է կրել պատիժը:
Մանրամասները՝ տեսանյութում: