Այս տարի Երևանի քաղաքապետարանն իր ֆինանսավորմամբ իրականացնում է 500 վերելակի փոխարինում. Ավինյան
Այս տարի Երևանի քաղաքապետարանն իր ֆինանսավորմամբ իրականացնում է 500 վերելակի փոխարինում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Այս տեմպը պահպանելով՝ մենք մինչև հաջորդ նախընտրական շրջանն ամբողջապես մեր խոստումն իրականացրած կլինենք, այսինքն՝ Երևան քաղաքում այդ հնամաշ վերելակներից չի մնա»:
Խոսելով այն մասին, թե գո՞հ է արդյոք նոր վերելակների որակից, քանի որ շատ խնդիրներ կան՝ սկսած մոնտաժից մինչև դրանց պահպանում, Ավինյանը նշեց, որ ամեն ինչ համեմատության մեջ պետք է նայել:
«Վերելակի ծրագիրն ամենաէժան ծրագիրը չէ, մենք ամեն վերելակի վրա միջինացված ծախսում ենք 10 մլն դրամ, այսինքն՝ մոտ 5 մլրդ մեր 64 միլիարդանոց բյուջեից մենք ծախսում ենք վերելակների փոխարինման վրա, որովհետև հասկանում ենք, որ դա անվտանգության խնդիր է: Համարյա 10 տոկոսը մեր սեփական եկամուտների մենք ծախսում ենք էլի ոչ մեր գործառույթի վրա. դա օրենքով համատիրության տակ գտնվող գործառույթ է, բայց նաև հասկանում ենք, որ այդ համատիրությունը չի գործում»,-նշեց նա:
Քաղաքապետը նաև նշեց, որ առաջարկվում է «Համատիրությունների մասին» նոր օրենք, որը «կրակ հանգցնելու» տրամաբանությունից կտանի համակարգ ստեղծելու տրամաբանության, և ամեն մի կառույց կկարողանա իր լիազորությունն իրացնել համապատասխան ֆինանսավորմամբ: