ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս խնդրին լուծում գտնելը անհրաժեշտ է․ Արսեն Թորոսյանը դիմում է Երևանի քաղաքապետարանին, ՆԳՆ-ին և ՏԿԵՆ-ին

Այս խնդրին լուծում գտնելը անհրաժեշտ է․ Արսեն Թորոսյանը դիմում է Երևանի քաղաքապետարանին, ՆԳՆ-ին և ՏԿԵՆ-ին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Երևանի քաղաքապետարանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Ներքին գործերի նախարարությանը։

«Հարգելի գործընկերներ,

Երևանի քաղաքապետարան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ ներքին գործերի նախարարություն,

Վերջին տարիներին բազմիցս խոսվել է նմանատիպ լքված «ավտոմեքենաների» խնդրի մասին, այդ թվում կառավարության նիստերի ընթացքում, բայց մինչ օրս էլ բազմաթիվ են նման դեպքերը թե’ Երևանի կենտրոնական փողոցներում, թե’ շենքերի բակերում: Կարծում եմ այլ համայնքներում էլ կլինեն նման դեպքեր:

Ես կարծում եմ, որ այս խնդրի լուծումը գտնելը հնարավոր է թե’ տեխնիկապես, թե օրենսդրական առումով, ինչպես նաև օր առաջ անհրաժեշտ է: Ինչքան էլ որ լինի սեփականության անձեռնամխելիության հարց, կարծում եմ մեր շատ քաղաքացիների համար անհասկանալի է, թե ինչու պետք է մեկի լքված սեփականությունը խաթարի այլոց բարեկեցությունը, համակեցության ընդհանուր կանոնները և մեր քաղաքների և երկրի տեսքը:

Որպես լուծում կարող է լինել համայքներում նման լքված տրանսպորտային միջոցների համար հատուկ «կայանատեղիների» առանձնացումը, որտեղ կտեղափոխվեն նմանատիպ բոլոր լքված ավտոմեքենաները` մինչև ի հայտ կգան նրանց օրինական սեփականատերերը: Տեղափոխվելուց առաջ էլ պատշաճ ֆոտո և վիդեո նկարահանում կիրականցվի սեփականության վիճակի վերաբերյալ և արձանագրություն կկազմվի, որպեսզի սեփականատերերը որևէ պահանջներ չունենան համայնքներից, չնայած որ այս դեպքերում համայնքները պետք է լինեն պահանջատերերը: Չի բացառվում նաև, որ տեղափոխելիս հայտնվեն իրական սեփականատերերը, ովքեր անվճար կայանատեղի էին գտել իրենց մեքենաների համար:

Հ.Գ. նմանատիպ մի հարց էլ վարձույթով տրվող ավտոմեքենաների հարցն է, որոնք օրերով կանգնում են նույն տեղերում և մեր քաղաքացիները չեն կարողանում օգտվել այդ հատվածներում եղած կանգառներից: Կարծում եմ այդ հարցը նույնպես պետք է լուծվի»,-նշել է նա:

  • Կիսվել: