շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Այս հացադուլն իմ մասին չէ, այլ խնդրանք` Վարդանյանին. Թանդիլյանը 6 օր է՝ հացադուլ է անում

Այս հացադուլն իմ մասին չէ, այլ խնդրանք` Վարդանյանին. Թանդիլյանը 6 օր է՝ հացադուլ է անում

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որն արդեն 6 օր է՝ հացադուլ է անում, դեռ չի կարողացել կապ հաստատել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ։ Այս մասին նա հայտնել է news.am-ի հետ զրույցում։
«Այս հացադուլն իմ մասին չէ, ուղղակի խնդրանք է Ռուբեն Վարդանյանին, որ ողջ մնա։ Ես վստահ էլ չեմ, որ իմ հացադուլի մասին իմանալուց հետո նա կդադարեցնի իր հացադուլը, որովհետև ոչ մեկս չգիտենք` իրականում ինչ է կատարվում այնտեղ»։
Հարցին՝ չի՞ պատրաստվում դադարեցնել հացադուլը` հաշվի առնելով առողջական խնդիրները, Թանդիլյանը պատասխանեց, որ իրենից շատ ավելի վատ ինքնազգացողությամբ և առողջական ավելի վատ վիճակում Ռուբեն Վարդանյանն է, որը Բաքվի բանտում շարունակում է հացադուլը։
 
«Յուրաքանչյուր գիտակից մարդ պիտի հասկանա, որ ամեն օր իր համար մահացու է։ Իմ խնդրանքն իր մեջ նաև ժամկետ ունի, ես խնդրել եմ, որ նա դադարեցնի հացադուլը, որովհետև հայ ժողովուրդն իր կարիքն ունի։ Ինչքանով է հայ ժողովուրդը դա հասկանում` չգիտեմ, բայց ես, իմանալով, ինչ հայորդի է Բաքվի բանտում, ուղղակի ուզում եմ, որ նա ողջ մնա»,– ասաց քաղաքական գործիչը։
Անձամբ իր առողջականի և երեկվա ինքնազգացողության վատթարացման, հիվանդանոց տեղափոխվելու մասին խոսելիս էլ Թանդիլյանը հայտնեց, որ ճնշումն է իջել, հաճախասրտություն է ունեցել, բայց որոշակի բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է։ Ընդգծեց` հիմա համեմատաբար ավելի լավ է։
Քաղաքական գործիչն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանը մտադիր է փակել ԿԽՄԿ ներկայացուցչությունն իր երկրում։ Թանդիլյանի կարծիքով՝ դա միջոց է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումները թաքցնելու մասին։

  • Կիսվել: