երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն ընդունվել է 3  զինվորական, նրանք գիտակցություն ունեն

Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն ընդունվել է 3  զինվորական, նրանք գիտակցություն ունեն

Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն ընդունվել է 3  զինվորական. Երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ այրվածքաբանության բաժանմունքում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Այրվածքաբանության ազգային կետրոնի փոխտնօրեն բուժական գծով, նախարարի խորհրդական այրվածքաբանության գծով Կարինե Բաբայանը:

Նրա խոսքով, վերակենդանացման բաժանմունքում գտնվողների վիճակը գնահատվում է ծանր, այնտեղ կա նաեւ շնչուղիների այրվածք: «Նրանք գտնվում են վերահսկողության տակ, կատարվում են վիրակապություններ: Նախնական ախտորոշումը եւ ծանրության աստիճանը որոշվել են: Երրորդ զինվորի վիճակը ավելի կայուն է, բավարար: Նրա մոտ ստորին վերջույթների այրվածքներ են՝ բոցով: Բոցն ավելի խորն է այրում, բնականաբար, խորը այրվածքներ կան: Երրորդ կարգի կամ գուցե ավելի խորը: Բոլոր երեքն էլ բոցից են այրվել»,-ասաց նա:

Բաբայանը նշեց նաեւ, որ այն բուժառուները, որոնց գլուխն է այրվել, բնականաբար, դեմքերն այտուցված են. «Բոլոր տեսակի շնչուղիների այրվածքները կյանքի համար վտանգավոր են: Երբ գտնվում են կլինիկայում, ավելի կառավարելի են այդ հիվանդները:

Այրվածքային հիվանդությունը երիցս ավելի շատ վտանգավոր է լինում 3-4-րդ օրը, երբ զարգանում է օրգանիզմի թունավորում: Այդ ժամանակ մենք ավելի ինտենսիվ ենք պայքարում:

Ներքին օրգանների այրվածքի մասին երբեք չի կարելի խոսել: Վերին եւ ստորին շնչուղիների այրվածքների մասին ավելի հստակ կարելի կլինի խոսել 3-4-րդ օրը՝ որոշակի հետազոտություններ անելուց եւ որոշակի պատկեր ունենալուց հետո»,-ընդգծեց նա:

Փոխտնօրենի ներկայացմամբ, բոլոր բուժառուները գիտակցություն ունեն. «Պարզապես այն բուժառուները, որոնք վիրակապվել են, իսկ մեր վիրակապությունները կատարվում է խորը ցավազրկմամբ, հիմա քնած են: Երեքն էլ կարող են հաղորդակցվել, եթե չեն գտնվում դեղորայքային քնի մեջ:

Մենք առավոտյան ենք ընդունել հիվանդներին, առավոտյան 7.30-8.30-ին: Առողջապահության նախարարը չի եկել, բայց իրենք տեղյակ են, անընդհատ զանգում են, հետաքրքրվում են»,-ասաց նա՝ հավելելով, որ սպան վերակենդանացման բաժանմունքում գտնվողներից մեկն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 3 զինծառայող։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այդ դեպքին եւ մանրամասներ հայտնել. «Ոչ միայն բենզին է օգտագործվել, այլեւ նախնական տվյալներով, նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված, որպեսզի լրացուցիչ ուրիշ բաների կարիք չլինի: 5 լիտրանոց տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ: Բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո ինքնապաշտպանական բնազդից ելնելով այդ 5-լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ: Ենթադրում եմ, ոչ դիտավորյալ: Դրանից հետո արդեն պարզ է՝ ինչ է տեղի ունեցել»։

  • Կիսվել: