ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այն պահին, երբ քաղաքական թիմը արձանագրի՝  սխալ ուղղությամբ եմ գնում, մի րոպե ավելի չեմ զբաղեցնի այս պաշտոնը. Արայիկ Հարությունյան

Այն պահին, երբ քաղաքական թիմը արձանագրի՝  սխալ ուղղությամբ եմ գնում, մի րոպե ավելի չեմ զբաղեցնի այս պաշտոնը. Արայիկ Հարությունյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անվստահություն է հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:

Նախարարը խորհրդարանում ներկայացնելով իր դիրքորոշումը՝ նշեց, որ իրականում «Լուսավոր Հայաստանի» այս նախաձեռնությունն ավելի կուժեղացնի նախարարությանը, քանի որ հաճախ կան դիտարկումներ, թե իրենք չեն ներկայացնում իրենց ամբողջ արածը, իսկ դրանք շատ են, ու սա լավ առիթ է:

«Ես եղել եմ Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի նախագահ ու լավագույնս տեղյակ էի, թե ուր եմ գալիս: Գիտեի այն ծանրությունը, որ վերցնում եմ ոլորտում բարեփոխումներ նախաձեռնելով, և թե ինչ դիմադրության է դա արժանանալու»,- հավելեց նախարարը։

Անդրադառնալով կրթական բարեփոխումների շուրջ առկա լարվածությանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ կան օբյեկտիվ պատճառներ, ըստ ամենայնի, հանրության, Ազգային ժողովի մի շարք շահագրգիռ խմբերի՝ մի կողմից և նախարարության միջև՝ մյուս կողմից  գոյություն ունեցող կոմունիկացիոն հարցերն են, որոնք շտկելի են. «Թեպետ կան ծայրահեղ սուբյեկտիվ պատճառներ, որոնց մեծ մասն անընդունելի է, անհասկանալի և մերժելի»։

Ըստ նրա, Կառավարությունը, նախարարությունն ունեն բարեփոխումների ժամանակացույց, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում ֆորսաժների և արագացումներ կամ դանդաղումներ հարուցելու համար:

«Մենք այդպիսի արագացումներ տեսել ենք 12-ամյա կրթության անցնելիս կամ Բոլոնիայի գործընթացում, երբ «ծիտիկ» դնելու համար ձևը ստանձնել ենք, իսկ բովանդակությունը՝ ոչ»,- նշեց նախարարը։

Այնուհետև Արայիկ Հարությունյանն ասաց, որ ըստ իրենց, տասնյակ և հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ իրենց վրա զգացել են բարեփոխումների կառուցվածքային, ենթակառուցվածքային, նյութականին միտված բարերար ազդեցությունները:

«Տասնյակ նոր դպրոցներ, նախակրթարաններ, մշակութային հաստատություններ են ստեղծվել և ստեղծվում համայնքերում»,- ընդգծեց նա՝ թվարկելով այդ համայնքներն ու հավելելով, որ առնվազն այդ համայնքներում չեն հավատալու կոյուղաջրերի հետ խաղալը չարաշահողներին, իր խրտվիլակով ամբողջ Հայաստանը շրջած և փոքր թվով մարդկանց աջակցությունը ստացածներին, երրորդ ուղու մանիպուլյացիաներով շարունակ զբաղվողներին ու տուկի թելով գերողներին:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ երբևէ Հայաստանի պատմության մեջ չեն գտնի մի իրավիճակ, երբ որևէ գերատեսչություն այս ծավալի հայեցակարգային ու մայր օրենքներ ու փաստաթղթեր զուգահեռ մշակի և ներկայացնի:

Մասնավորապես, ըստ նրա, ընդունվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը,  «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքը հաջորդ շաբաթ կլինի ԱԺ-ում,  5 ոլորտային ռազմավարություններ, որոնց մի մասն արդեն հաջորդ ամիս կդրվեն հանրային քննարկումների, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթն ընդունվել է և կիրարկվում է։

«Մենք չեն ուզում շտապել և ունենալ այնպիսի մի փաստաթուղթ, որը երբեք չի կատարվի, ինչը, , եղել է նախկինում: Մտահոգ այս յարուսը ժամանակին չէր մտահոգվում, որ ռազմավարությունը չկար, կամ իրենց մասնակցությամբ Կառավարությունը չի հետևում այդ ռազմավարությանը»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Այնուհետև նախարարը հայտարարեց, որ թե երբ հրաժարական կտա։

«Այն պահին, երբ քաղաքական թիմը արձանագրի՝  սխալ ուղղությամբ եմ գնում, մի րոպե ավելի չեմ զբաղեցնի այս պաշտոնը»,- ասաց նա։

  • Կիսվել: