հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավտոլվացման կետում ծեծի են ենթարկել ԵՊԲՀ դասախոսի

Ավտոլվացման կետում ծեծի են ենթարկել ԵՊԲՀ դասախոսի

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 23-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով, գրում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 14:40-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 36-ամյա Կարեն Դիլբարյանն է:

Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 170/1 հասցեում գործող ավտոլվացման կետում անհայտ անձը վիճաբանության ժամանակ գլխով հարվածել է Կ. Դիլբարյանի գլխին, ով հավասարակշռությունը կորցրել և ընկել է, որից հետո անհայտ անձը հարվածներ է հասցրել Կ. Դիլբարյանի մարմնի տարբեր մասերին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Դիլբարյանը աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ որպես դասախոս:

  • Կիսվել: