«Ավրորան» Նյու Յորքում կմասնակցի «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության միջոցառմանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կմասնակցի «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (Clinton Global Initiative (CGI)) 2024թ. տարեկան միջոցառմանը:
Այս մասին հայտնում են «Ավրորա»-ի գրասենյակից, նշելով, որ նախաձեռնությունը կմասնակցի «Նորարարություններ ճգնաժամի ժամանակ» խորագրով քննարկմանը, որը կարեւորում է աշխարհում խոցելի իրավիճակում գտնվող բնակչության վրա ազդող գործոնների հաղթահարման շուրջ նոր գաղափարների դիտարկումը: Բանախոսներն են Չելսի Քլինթոնը՝ Քլինթոնի հիմնադրամի փոխնախագահ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Արմինե Աֆեյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար, եւ դոկտոր Իֆթիքեր Մահմուդը՝ Բանգլադեշի կանանց եւ երեխաների «Հույս» հիմնադրամի հիմնադիրը:
«Մեր մասնակցությունը «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության ամենամյա միջոցառմանը թույլ է տալիս միավորել ուժերն աշխարհի ամենահայտնի առաջնորդների եւ բարեփոխումներ իրականացնողների հետ, որոնք մեծ նվիրումով ջանքեր են գործադրում դիմակայելու մեր ժամանակի ամենահրատապ մարտահրավերները: Ընդհանուր երկխոսության եւ նպատակաուղղված քայլերի միջոցով մենք նպատակ ունենք կարեւորել նրանց, ովքեր ներկայացնում են մարդկության լավագույն շերտը՝ մարդկանց, որոնք խիզախորեն գործում են՝ փրկելու ուրիշներին եւ փոփոխություններ իրականացնելու իրենց համայնքներում եւ դրանից դուրս», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը:
«Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Գրեգ Միլնը նկատեց, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը լույս է սփռում հումանիտար առաջնորդների վրա, որոնք բարեփոխում են իրենց համայնքները:
«Մեզ համար մեծ պատիվ է այս տարի եւս համագործակցել «Ավրորայի» հետ: Մենք անհամբեր սպասում ենք նրանց դիտարկումներին, թե ինչպես մենք կարող ենք առաջընթաց գրանցել գլոբալ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ»,-նշեց նա:
Բացի «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության 2024թ. տարեկան միջոցառմանը մասնակցելուց, «Ավրորան» Նյու Յորքում նախաձեռնել է Aurora Dialogues քննարկում՝ «Մարդասիրական կարիքներ. ընդհանուր ռազմավարություններից դեպի կոնկրետ գործողություններ» խորագրով: Խաղաղության միջազգային օրը կարեւորելով` այն տեղի կունենա Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջոցառումներին զուգընթաց:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնության գլխավոր նախագիծը՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը, բացահայտում է եւ աջակցում մերօրյա հերոսներին, որոնք շոշափելի դրական փոփոխություն են իրականացնում խոցելի եւ ամենակարիքավոր համայնքներում: Մինչ օրս «Ավրորան» արդեն նախաձեռնել է եւ աջակցել 430 նախագծի 56 երկրում եւ տարածքում՝ զգալի ազդեցություն գործելով ծայրահեղ կարիքի մեջ գտնվող մոտ 3.4 միլիոն մարդու կյանքի վրա:
«Քլինթոն» համաշխարհային նախաձեռնությունը համախմբում է գործարար ոլորտի, կառավարության, քաղաքացիական հասարակության առաջնորդներին մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ առաջընթաց գրանցելու նպատակով, այդ թվում՝ կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունություն, ներառական տնտեսական աճ եւ վերականգնում, առողջապահական հավասարություն, կանանց եւ աղջիկների լիարժեք ներգրավվածություն, մարդասիրական ջանքերը գլոբալ ճգնաժամերին: