Ավետիքը եղել է իմ ավագ ընկերն ու եղբայրը, եղել է մարդ, ումից ես միշտ սովորել եմ․ Թաթոյան
Ավետիք Իշխանյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն իրավապաշտպաններից է ։Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․
«Նա հայ ժողովրդի զարթոնքի, ոգու վերելքի, ինքնությունը գնահատող բացառիկ մարդ էր, որ մինչև վերջ հավատարիմ մնաց իր առաքելությանը:
Ավետիք Իշխանյանի հետ ծանոթացել եմ 2004թ., երբ սկսեցի աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի նորաստեղծ աշխատակազմում: Այդ օրերից ի վեր Ավետիքը եղել է իմ ավագ ընկերն ու եղբայրը, եղել է մարդ, ումից ես միշտ սովորել եմ:
2016թ. Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների, 2016թ. քառօրյա, 2020թ. 44-օրյա, Տավուշում 2020թ. հուլիսյան հարձակումների, COVID-ի ու մյուս ժամանակահատվածներում Ավետիքի խորհուրդներն ինձ համար բացառիկ օգտակար էին, միշտ իմաստուն խոսքով օգնում էր:
Հումորի անկրկնելի զգացում ուներ, կենսախինդ մարդ էր և անչափ սիրում էր իր ընտանիքը:
Ավետիք ջան, մնաս լույսերի մեջ, հիշատակդ թող միշտ վառ լինի»,- գրել է նա: