չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ավարտվել են «Ամառային դպրոց» ծրագրի դասընթացները

Ավարտվել են «Ամառային դպրոց» ծրագրի դասընթացները

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել և հավաստագրեր ու խորհրդանշական նվերներ է հանձնել ՀՀ ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին՝ մաղթելով բազում հաջողություններ նոր ուսումնական տարում:

Ալեն Սիմոնյանը կարևորել է փորձի ձեռքբերումը՝ նշելով, որ այն օգտակար է լինելու հետագա գործունեության ընթացքում: Անդրադառնալով ծրագրի ձևաչափին՝ ԱԺ նախագահը նշել է. «Սա, իսկապես, ստացված ձևաչափ է և թույլ կտա հետագայում ավելի շատ երիտասարդների ներգրավել ծրագրում»:

«Ամառային դպրոց» ծրագիրն առաջին անգամ իրականացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում էր Շվեդիայի կառավարության կողմից: ԱԺ խոսնակը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին նախորդ տարի նախաձեռնությանն աջակցելու համար: Այս տարի արդեն Ազգային ժողովն «Ամառային դպրոց» ծրագիրն իրականացրել է իր միջոցներով՝ նախորդ տարվա փորձն ու օժանդակությունը հաշվի առնելով:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի նախորդ տարվա շրջանավարտներին այս տարվա «Ամառային դպրոցի» կազմակերպչական աշխատանքներին որպես կամավոր մասնակցելու համար:

Ծրագրի նպատակն է Երևանի և հանրապետության մարզերի ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել խորհրդարանի գործունեությանը, կառուցվածքին, Սահմանադրությամբ օրենսդիր մարմնին վերապահված լիազորությունների իրականացման մեխանիզմներին, ինչպես նաև երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունն օրենսդրական գործընթացների վերաբերյալ:

Ծրագրին մասնակցել է ՀՀ դպրոցների ավագ դասարանների 61 աշակերտ: Մասնակիցները հավաստիացնում են` ծրագիրը հագեցած էր: Նրանց հնարավորություն է տրվել շփվելու բարձրաստիճան պաշտոնյաների հետ, տեղում ծանոթանալու պետական կառավարման առանձնահատկություններին, երկրի քաղաքական օրակարգի առաջնահերթություններին:

Երկշաբաթյա դասընթացների շրջանակում աշակերտները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների, պատգամավորների, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ՍԴ նախագահ Արման Դիլանյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, այցելել թանգարաններ, կինոթատրոն:

Դասընթացների շրջանակներում աշակերտները ծանոթացել են Հայաստանի խորհրդարանի, ինչպես նաև Ազգային ժողովի շենքի կառուցման պատմությանը: Քննարկումներ են ծավալվել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական, աշխարհիկ պետություն, պետական կառավարման ձևեր, խորհրդարանական կառավարման համակարգի, իշխանությունների տարանջատման սկզբունքի, խորհրդարանական դիվանագիտության և այլ թեմաներով:

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ-ի 120.000 հայերի ճակատագրին, խաղաղության պայմանագրին, կրթական համակարգին, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: