ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավարտվել է «Չաղ Ռուստամի» վրա դատարանի բակում հարձակվելու փաստով հարուցված քրգործի՝ 4 անձի վերաբերյալ նախաքննությունը

Ավարտվել է «Չաղ Ռուստամի» վրա դատարանի բակում հարձակվելու փաստով հարուցված քրգործի՝ 4 անձի վերաբերյալ նախաքննությունը

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված համակողմանի քննության արդյունքում պարզվել են դատարանի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, ֆիզիկական ներգործություն կատարելու, ինչպես նաև՝ ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները, գրում է shamshyan.com-ը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այդ պահին ընթացող քրեական դատավարությանը մասնակից անձանց կողմնակիցների միջև, նշված դատարանի բակում, տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ անձինք բարձրաձայն հայհոյել, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել կայանված ավտոմեքենաներին ու դրանց ուղևորներին:

Բացի այդ, հիշյալ անձինք  հարվածներ են հասցրել դատավարության մյուս կողմի երկու կողմնակիցների՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ: Նկատելով այս ամենը՝ նրանց են մոտեցել նշված վայրում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ԵՔՎ ծառայողները, ովքեր օրենքով սահմանված կարգով ներկայացել և պահանջել են չխախտել հասարակական կարգը և դադարեցնել հակաօրինական գործողությունները:

Ի պատասխան ոստիկանների օրինական պահանջին՝ վերոնշյալ անձինք հայհոյել են, իսկ նրանցից մեկը հարվածել է ոստիկանին, որից հետո դիմել են փախուստի։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, մեկ անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ևս մեկ անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երկուսի նկատմամբ՝ բացակայելու մասին արգելքը:  Նշված 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 22-ին, Երևանի կենտրոնում՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։

Գ. Շամշյանի տեղեկություններով, երբ տեղի է ունեցել ծեծկռտուքը, և այն կանխելու համար միջամտել են ոստիկանության ծառայողները, այդ ժամանակ վնասվածք է պատճառվել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորներից  մեկին։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ռուսական համարանիշներով Mercedes-ը կանգնում մի խումբ անձանց մոտ, որի ժամանակ էլ սկսվում է վիճաբանություն-ծեծկռտուքը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ռուսական համարանիշներով այդ ավտոմեքենան, որը զրահապատ էր, պատկանում է քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյին, իսկ այն վարել է «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանը։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն նաև տեղեկություններ, որոնք ճշտվում են, և որ հրահրողը եղել է «Չաղ Ռուստամը», ով, իմանալով, թե ում դատն է տեղի ունենում նշված դատարանում, միտումնավոր մի քանի անգամ շրջել է այդ հատվածում, ինչն էլ զայրացրել է դատարանի բակում հանգիստ կանգնած մարդկանց, սակայն, այդ մարդիկ, տեսնելով, որ «Չաղ Ռուստամը» շարունակում է «պրովոկացիոն» քայլերը, մոտենում են, ու արդեն սկսվում է միմյանց հասցեին փոխադարձ հայհոյանքներ հնչեցնելը, ու այդ ժամանակ Ռուստամը իր հետի մարդկանց թողնում ու զրահապատ Mercedes-ով ճողոպրում է։  

  • Կիսվել: