Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր «Դեղերի մասին օրենքում» նոր փաթեթի նախագծի մշակմանն ընդառաջ` քննարկել դեղերի գրանցման և ներմուծման հետ կապված խնդիրները, լսել առաջարկներ ու դիտարկումներ:
«Մեզ համար կարևոր է, որ դուք ոչ թե արդեն պատրաստի նախագծին ծանոթանաք, այլև` գործնական առաջարկներով մասնակցություն ունենաք այդ նախագծի մշակմանը: Կարևոր է, որ նախագծի մշակումից առաջ համակողմանի տեղյակ լինենք բոլոր խնդիրներին և առաջիկա փոփոխություններում ներառենք ձեր առաջարկները»,- շուրջ երկու տասնյակ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է Անահիտ Ավանեսյանը:
Քննարկվել են կենսական անհրաժեշտության, սակայն ցածր պահանջարկ ունեցող դեղերի մատչելիությունը և հասանելիությունն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հանդիպմանը դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներն արել են առաջարկներ, ներկայացրել գործնականում հաճախ հանդիպող խնդիրները:
Նախարարն առաջարկել է առարկայական դիտարկումները ներկայացնել նաև գրավոր: